Բրյուսելի ոստիկանությունը ձերբակալել է չորս երիտասարդ կանանց, ովքեր մերկ կրծքերով փորձել են Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի դեմ բողոքի ակցիա անցկացնել Բրյուսելի Եվրաթաղամասում: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Բրյուսելի ոստիկանության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով՝ բոլոր կանայք հանդիսանում են «Ֆեմեն» շարժման անդամներ:
Ձերբակալված չորս կանայք փորձել են չթույլատրված ակցիա անցկացնել Եվրոպական թաղամասում, որտեղ տեղի է ունենում Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Անտեսելով անձրևը և ցուրտ եղանակը՝ կանայք, մինչև գոտկատեղը մերկ, կրծքներին կարգախոսներով պաստառներ, փորձում էին քաղաքական կոչեր բարձրաձայնել»,– ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ ձերբակալության համար բավական է հասարակական վայրում կուրծքը բաց հայտնվելը կամ էլ քաղաքական չարտոնված ակցիաների դադարեցման՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելը: Բոլոր չորս կանայք ազատ կարձակվեն, երբ արձանագրություն կազմվի, որն էլ, հավանաբար տեղի կունենա Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո:







































