Հունվարի 13-ին Լոս Անջելեսում կկայանա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի («Կարգին Հասո») հարսանիքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հասմիկ Ղարիբյանը՝ ավելացնելով, որ մինչև հարսանիքը չի ցանկանում հարցազրույց տալ:
«Առաջին լրատվական»-ը Հասմիկ Ղարիբյանի քույր Անուշ Ղարիբյանից փորձեց մի քանի մանրամասներ իմանալ: Ըստ այդմ` փեսացուն Ներսես Աբրահամյանն է՝ հայտնի երաժիշտ Լևոն Աբրահամյանի որդին: Հասմիկ Ղարիբյանի հետ ծանոթացել են ԱՄՆ-ում:
Հարսանիքը կլինի բացօթյա, հեքիաթային: Ու թեև նախապես որոշել էին ամուսնանալ դեկտեմբերին, սակայն իմացել են, որ տարեվերջին հարսանիք անելը ճիշտ չէ, ուստի որոշել են այն հետաձգել հունվարի 13-ին:
«Հասմիկը ծնվել է հունիսի 13-ին, և իր համար 13-ը շատ լավ թիվ է»,- հավելեց Անուշ Ղարիբյանը:
Ներսես Աբրահամյանը ատամնաբույժ է, իմպլանտի մասնագետ: Ի դեպ, նա Միացյալ Նահանգներում է բնակվում 92 թվականից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ինչպես շատ արվեստագետներ, Լևոն Աբրահամյանը նույնպես այն տարիներին նեղացած է գնացել Հայաստանից:
Հասմիկ Ղարիբյանի կարիերան այսքանով չի ավարտվի: Նա նպատակներ ունի, բացի այդ` արդեն ունի ֆիլմերում նկարահանվելու առաջարկ, բայց քանի դեռ աշխատանքի իրավունք չունի, չի կարողանում աշխատել: Երեք ամիս հետո նա օրինական գրանցում կունենա և արդեն կկարողանա աշխատել:
«Հասմիկը տնային տնտեսուհի լինելուց հեռու է, նա հաստատ մի բան կանի»,- հավելեց Անուշ Ղարիբյանը:









































