Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը շատ քիչ է մնացել, իսկ Թեո Ուոլքոթի` «Արսենալ»-ի հետ նոր պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձ է խնդրում, իսկ ակումբը նախատեսում է վճարել նրան ընդամենը 75 հազար:
«Ես ուրախ կլինեմ վճարել Թեոյին այնքան գումար, որքանի նա արժանի է իր խաղով: Ես մեծ գումարի դիմաց ձեռք եմ բերել նրա իրավունքները, երբ Թեոն դեռևս պատանի էր: Այնուհետև ջանք չեմ խնայել, որպեսզի Ուոլքոթը հիանալի ֆուտբոլիստ դառնա: Հուսով եմ և հավատում եմ, որ նա չի լքի մեր թիմը:
Ինչ վերաբերում է Ուոլքոթի պահանջներին, ապա ես չեմ կարծում, թե ֆուտբոլը փողի անսպառ պարկ է, և ֆուտբոլիստները պետք է ստանան այնքան, ինչքան ցանկանում են: Աշխատավարձի հաշվարկման հատուկ կարգ գոյություն ունի, որը պետք է պահպանել:
Ես շատ եմ ցանկանում, որ Թեոն շարունակի իր ելույթները մեր թիմում: Նա ընդամենը 23 տարեկան է և արդեն վաղուց հանդես է գալիս «Արսենալ»-ում»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են Վենգերի խոսքերը:







































