Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Ոստիկանությունն անում է հնարավորը մինչ առաջիկա նախագահական ընտրությունները ընտրողների ցուցակները պատշաճ մակարդակով ճշգրտելու համար։
Ոստիկանության վերջին տվյալների համաձայն, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդող 6 ամիսների ընթացքում Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 15 հազարով ավելացել է։ Ավելի ստույգ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը ավելացել է 45,649-ով, սակայն, ինչպես մեկնաբանեց Հովհաննես Քոչարյանը, եթե այս թվից հանում ենք 15,118 մահացածների, սեփականատիրոջ դիմումով հաշվառումից հանված 8,652 և զորակոչվելու կապակցությամբ հաշվառումից դուրս եկած 6,920 քաղաքացիներին, ապա ստանում ենք ընտրողների 14,959-ով ավելանալու պատկերը: «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված պաշտոնական տվյալներով, ընտրողների թիվն ավելացել է մայիսի 6-ից հետո 18 տարին լրացած 18,308, բանակից զորացրվելու կապակցությամբ հաշվառված 10,373, առաջին անգամ ՀՀ անձնագիր ստացած և հաշվառված 12,818, ՀՀ քաղաքացիություն ընդունած 3,149, և քաղաքացիության ճանաչման հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերած 1001 քաղաքացիների հաշվին:
Արտագաղթի հետևանքով բնակչության թվի նվազման ֆոնին ընտրողների թվի անընդհատ աճի փաստը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանից դուրս բնակվող բազմահազար քաղաքացիները չեն տեղեկացնում բնակության վայրի փոփոխության մասին և մնում են Հայաստանում հաշվառված: Չնայած գործող օրենքին, որը համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով բնակության վայրի մասին պատշաճ չտեղեկացնելու դեպքում սահմանել է 3 հազար դրամի տուգանք, մինչ օրս վարչությունը ընդամենը Ռուսաստանում բնակվող մի քանի հարյուր մարդու տվյալներ է ստացել: Տուգանված քաղաքացիներ էլ չկան։
«Որպեսզի տուգանում կիրառվի, իրավախախտները ենթարկվեն վարչական պատասխանատվության, նրանք պետք է Անձնագրային և վիզաների վարչությունում ֆիզիկապես ներկա լինեն, և այդ մասին մենք բավարար ապացույցներ ունենանք, որը ոչ միշտ է, որ ստացվում է: Այսինքն, նման դեպք, որ վարույթ հարուցված լինի, և մարդը վարչական պատասխանատվության ենթարկված լինի` մենք չունենք», – նշել է Քոչարյանը։
«Իսկ հնարավոր չէ՞ հիմնական ընտրացուցակներից հանել երկրից դուրս գտնվող մի քանի հարյուր հազար քաղաքացիներին և ընդգրկել լրացուցիչ ցուցակներում, ինչպես ընդդիմությունն է պահանջում», – հարցին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը պատասխանել է․ – «Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ: Բայց չէ՞ որ դրա համար երկու գործիք է պետք` оրենսդրական հնարավորություն և տեխնիկական հնարավորություն: Մենք եթե ունենանք հնարավորություն, որ սահմանից անցնողների տվյալները, ովքեր 6 ամիս Հայաստանում չեն, ավտոմատ ռեգիստրը ստանա Ազգային անվտանգության ծառայությունից, կհանենք: Բայց չէ՞ որ նման հնարավորություն չկա»։
Հարցին, թե՝ «ԱԱԾ-ն արդյոք չի՞ կարող այդ հնարավորությունը ստեղծել», Քոչարյանը պատասխանել է. – «Կարող է, եթե օրենքով թույլատրեն և նման հանձնարարական իջեցվի»:
Ընդդիմությունը մշտապես պնդում է, որ իշխանություններն ընտրությունները կեղծում են բացակաների, մահացածների, գոյություն չունեցող հասցեներում բնակվողների տվյալներով ուռճացված ցուցակների շնորհիվ։
«Բոլորը հայտարարում են, բայց մեկ-երկու օրինակ անգամ Անձնագրային և վիզաների վարչությանը չներկայացրեցին: Նույնիսկ օրինակներ չբերեցին, որ մասսայական ինչ-որ մեկը մեկի փոխարեն գնացել քվեարկել է: Ասում են «կա», բայց նման փաստեր մենք չունենք», – այս առնչությամբ մեկնաբանեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։
Ինչ վերաբերում է գոյություն չունեցող հասցեներին, Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց, որ դրանք քանդված շենքերն են, որոնց նախկին բնակիչները չեն դիմում նոր բնակավայրերում հաշվառման համար: Նման 10 հազարից ավելի մարդ կա, իսկ ինչ վերաբերում է հասցեներում սեփականատերերին անծանոթ մարդկանց հաշվառված լինելուն. – «Մեծ մասամբ անտարբեր են լինում, թե իրենց հասցեում ովքեր են հաշվառված: Որպես կանոն, նոր բնակարանը գնում են, մոռանում են, որ նախկինում այնտեղ մարդիկ են մնացել հաշվառված, մարդկանց վարձով տալիս են բնակարաններում ապրելու հնարավորություն, այդ մասին էլի մոռանում են և տարիներ հետո ասում են՝ մեր հասցեում մարդ կա, որին չենք ճանաչում: Կա՞ն բացառություններ, կա՞ն շեղումներ․․․ այո՛, կան: Որո՞նք են դրանք՝ օպերատավարական սխալները, երբ հասցեի սխալ մուտքագրման պատճառով մարդը հայտնվել է մի հասցեում, որ չպիտի հայտնվեր: Բայց դրանք շատ չնչին տոկոս են կազմում»:
«Ընտրացուցակների ճշգրտումը մեծապես կախված է քաղաքացիների ակտիվությունից», – հավելել է Անձնագրերի և վիզաների վարչության պետը







































