Կրասնոդարի երկրամասից բնապահպան Սուրեն Ղազարյանը Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել է, որ հեռացել է Ռուսաստանից: Այս մասին հաղորդում է RIA Novovti-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ղազարյանը HRW-ի հետ հեռախոսազրույց է ունեցել դեկտեմբերի 19-ին:
«Ղազարյանը նաև հաղորդել է, որ ներկայում փորձում է ապաստարան ստանալ եվրպական երկրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կրասնոդարի երկրամասում հայտնի բնապահպան Սուրեն Ղազարյանի հանդեպ, որը մեղադրվում է սպանության սպառնալիքի համար: Ղազարյանը չի ընդունում իր մեղքը: Նրա խոսքերով՝ օգոստոսի 2-ին Գելենջիկում նա վեճի է բռնվել մասնավոր օբյեկտի անվտանգության աշխատակիցների հետ, որից հետո նրա դեմ ոստիկանություն հայց է ներկայացվել:
Ավելի վաղ Ղազարյանը դատապարտվել էր երեք տարի պայմանական ազատազրկման: Հետաքննության տարբերակի համաձայն՝ 2011 թ. նա և մեկ այլ բնապահպան՝ Եվգենի Վիտիշկոն, վիրավորական գրառումներ էին գրել Կրասնոդարի երկրամասի անտառում տեղակայված պատնեշի վրա: Բնապահպանները պնդում են, որ գրառումներ են թողել Կուբանի ղեկավար Ալեքսանդր Տկաչևի առանձնատան ցանկապատների վրա: Նրանք պնդում են, որ առանձնատան շինարարության համար անօրինական կերպով զավթվել է անտառի մի մասը, որտեղ հատվում են Կարմիր գրքում ներառված ծառեր:










































