1917թ. այս օրը քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ փակվեց Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1919–1920թթ. փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով վերաբացվեց Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը շարունակում է Ճեմարանի ավանդույթները: 1995թ. Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվեց Մայր աթոռին և 1996–1997թթ. հիմնովին վերանորոգվեց: 1997–1998թթ. ուսումնական տարվա շեմին տեղի ունեցավ Ճեմարանի վերաբացման հանդիսությունը: Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ 2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
Գևորգյան ճեմարանը բացվել է 1874թ. Էջմիածնում: 1866թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին:
1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան:








































