Թուրքական Miliyet թերթի փոխանցմամբ, թուրք պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Բրյուսելում մասնակցել է Մարշալի հիմնադրամի կազմակերպած ֆորումին, ուր և բանավեճի մեջ է մտել ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերի պատասխանատու Մայքլ Լեյգի հետ:
Նրանց բանավեճի հիմնական առարկաներն են հանդիսացել Թուրքիայիում խոսքի ազատությանն (լրագրողների ձերբակալության) ու «Էրգենեքոնի» դատավարությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև վերջին շրջանում Թուրքիայի որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը:
Լեյգը հայտարարել է, որ թեև Թուրքիան որդեգրել է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, նա չի խորշում Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը քանդելուց:
Բաղըշը հակադարձել է նրան. «Հուշարձանի քանդումը որևէ կապ չունի Հայաստանի հետ: Խնդիրը հուշարձանի գեղագիտական կողմն է»:
Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, որի ժամանակ էլ կառուցվել է այդ հուշարձանը, հայտարարել էր, թե հուշարձանի ապամոնտաժման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: