«Բավական է, զզվել ենք, թողնենք գնանք՝ երկիրը հայաթափվի, սա զանգվածային կոտորած է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասացին Մալաթիայի հագուստի տոնավաճառի աշխատակիցները՝ հավելով, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ իրենք ևս պայքարելու են. վաղը մեծամասնությունը միանալու կառավարության դիմաց բողոքող մյուս առևտրականներին: Տեղի աշխատակիցները նշեցին, որ երեկ իրենց շուկան աշխատել է, քանի որ տնօրինության կողմից ասվել էր՝ եթե լիդեր ունեն, որը կկարողանա իրենց պահանջները գրագետ, ամբողջական ներկայացնել, թող գնան, եթե ոչ՝ ապա գնալուն դեմ են:
Մեզ հետ զրույցում շուկայի տնօրենը ասվածը վերահաստատեց՝ պարբերաբար հավելելով, որ սեփականատերը արգելքներ չի դրել: Առևտրականներն ընդգծում էին, որ եթե այսպես շարունակվեց, այլևս առևտրով չեն կարողանա զբաղվել, քանի որ առանց այն էլ առևտուրը մեռած է: Շուկայի աշխատակիցների խոսքերով՝ այս քայլով ոչ թե ստվերից դուրս են բերում խոշոր բիզնեսը, այլ փակում են մանրերին:
Օրենքը, ըստ որի՝ առևտրականները պետք է տրամադրեն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը, շրջանառության մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից: Առաջին անգամ չներկայացնելու դեպքում նախազգուշացում է նախատեսված, երկրորդ անգամ` տուգանք 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ` շրջանառության 5 տոկոսի գանձում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։





































