Թեև Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895թ.-ին, սակայն Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 1995թ.-ից: Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել են արվեստագետներ Կարեն Անդրեասյանը և Սամվել Բաղդասարյանը: Դրանից հետո պարբերաբար Հայաստանը Վենետիկի բիենալեում տաղավար է ունեցել:
2011-ին Վենետիկի միջազգային 54-րդ բիենալեն կրում է ILLUMInations («Լուսավորում») խորագիրը: Հայաստանը ներկայացրին երեք տարբեր սերնդի արվեստագետներ` Գրիգոր Խաչատրյանը, Մհեր Ազատյանը և Աստղիկ Մելքոնյանը:
2013թ. հունիս-նոյեմբեր ամիսներին տեղի է ունենալու «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագրով Վենետիկի 55-րդ բիենալեն: ՀՀ մշակույթի նախարարության նոյեմբերի 21-ին տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկման համար ընդունում է Բիենալեում Հայաստանի մասնակցության հայեցակարգի և հայկական տաղավարի բովանդակային ձևավորման առաջարկներ: Տաղավարի աշխատանքների ակտիվությունն ապահովելու համար նախատեսվում է ցուցադրությունն ուղեկցել համապատասխան երաժշտական կատարումներով, քննարկումներով և այլն: Առաջարկները պետք է ներկայացվեն ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն` մինչև դեկտեմբերի 15-ը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ այսօր Վենետիկի բիենալեում ազգային տաղավարի` պետության կողմից կազմակերպումը անմիջականորեն արտացոլում է երկրի մշակութային քաղաքականությունը և տվյալ երկրում հատկապես ժամանակակից արվեստի հանդեպ վերաբերմունքը:
Նա լրագրողներին ներկայացրեց բիենալեի մեխանիզմը. երբ երկիրը բիենալեի կազմկոմիտեից ստանում է հրավեր-նամակ, դրա հիման վրա երկրի ներսում սկսվում է գործընթաց, նախևառաջ նշանակվում է կոմիսար, որը երկու կարևոր գործառույթ է իրականացնում. նախ` ապահովում է դրամահավաք և նշանակում համադրող, որն էլ իր հերթին պատասխանատու է մշակութային հարցերի համար, ընտրում է արվեստագետների, նշանակում է կոնցեպցիա, ներկայացնում արվեստագետներին:
Լիլիթ Սարգսյանը ասաց. որ հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել բոլոր մասնակից երկրների համակարգողների հանդիպումը, սակայն Հայաստանը ոչ մի հայտ չի ներկայացրել, նախարարությունում և կառավարությունում որևէ մեկը տեղյակ չէ՝ գոյություն ունի՞ հրավեր-նամակ, թե՞ ոչ:
Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հակադարձեց` ասելով, որ նախարարությունը որևէ հրավեր չի ստացել, թեև նախարարությունը 2013 թվականի իր բյուջեում հինգ միլիոն դրամ է հատկացրել Վենետիկի բիենալեի համար: Նրա խոսքով՝ նախարարությունը, որպես պաշտոնական կառույց, պետք է ստանա պաշտոնական հրավեր, նախարարությունը ոչ թե միջոցառում կազմակերպող է, այլ միջոցառման կազմակերպմանն աջակցող: Ըստ նրա՝ միջազգային ֆորումներում հարթակ ապահովելու համար շահագրգիռ կազմակերպություններն իրենք պետք է աջակցեն նախարարությանը:
«Նախարարությունը հրավեր չի ստացել, հենց այդ պատճառով անհանգստացել է, դիմել է Վենետիկի բիենալեի կազմկոմիտեին: Ի պատասխան մեր դիմումի՝ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի սկզբին մենք հրավերը փոխանցել ենք Հայաստանի դեսպանությանը, և երբ փոխանցվել է, մենք դրել ենք հայտարարությունը»,- ասաց Սեյրանուհի Գեղամյանը՝ հավելելով, որ խորապես ցավում է, որ ծանուցումը դնելուց հետո որևէ հայտ նախարարությունը չի ստացել այն շահագրգիռ անձանցից և կազմակերպություններից, ովքեր պետք է դա անեին, և կասկածում է, որ սա միտումնավոր է կազմակերպվել:
Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի համակարգման թիմի անդամներից Նազարեթ Կարոյանը նշեց, որ 95 թվականից մշակույթի նախարարությունը երկու տարին մեկ անգամ որոշում է ներկայացնում` հաստատելու բիենալեի կազմակերպական շրջանակը: «Այդպես է եղել նաև 2010-ին: Թե 2012-ին ինչ կազմակերպության է հանձնարարվել զբաղվել այդ աշխատանքով` հայտնի չէ»,- հավելեց Նազարեթ Կարոյանը:
Իսկ թե ինչու հայտ չեն ներկայացրել և ոչ մի արվեստագետ, Լիլիթ Սարգսյանը նշեց, որ քաջատեղյակ լինելով կազմակերպչական իրավական մեխանիզմներից` հասկացել է, որ պարզապես սխալ ձեռնարկի մեջ պետք է մտնեն, օդի մեջ ինչ պրոյեկտ ներկայացնեն:
«Դուք եթե չունեք հայտ, ինչպես եք հայտարարում, որ արվեստագետները ներկայացնեն իրենց պրոյեկտները»,- նախարարության աշխատակցին հակադարձեց Սահակ Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանի համար տաղավար անգամ չկա ապահովված:
Արվեստագետ Ռուբեն Արևշատյանը ընդգծեց շատ կարևոր դետալ. բիենալեն հարյուր տարվա պատմություն և շատ հստակ մշակված քաղաքականություն ունի, որը ենթադրում է հարաբերություն պետությունների միջև, այսինքն՝ բիենալեն մեկ կամ հինգ ամիս շուտ չի կազմակերպվում, հաջորդ բիենալեի կազմակերպումը սկսվում է ճիշտ այն պահից, երբ ավարտվում է նախորդ բիենալեն, և եթե չկա հարաբերություն պետության և բիենալեի կազմակերպիչների միջև, սա մտահոգիչ է: Սա տեղի է ունենում պետական մակարդակով, պետությունը ինքն է պատվիրակում այն կազմակերպությանը, որը ստանձնում է բիենալեի կազմակերպումը:
Մեր այն հարցին՝ 2013-ին մեր մասնակցությունն անիմաստ է, և ինչ տեղի կունենա չմասնակցելով՝ Լիլիթ Սարգսյանը ասաց, որ ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե մեկ տարի երկիրը չմասնակցի, բայց եթե պատրաստվում է մասնակցել, պետք է պատշաճ կերպով մասնակցի:
Սեյրանուհի Գեղամյանն էլ ասաց, որ նախարարությունը միայնակ չի կարող իրականացնել բիենալե, և եթե միավորվեն ուժերը, կարողանան ճիշտ հայեցակարգ մշակել և լավագույն ձևով ներկայանալ, ուրեմն Հայաստանը կմասնակցի բիենալեին:









































