Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալֆիո Բասիլեն պատմել է, որ 1998 թվականին, լինելով «Սան-Լորենսո» ակումբի մարզիչ, ինքը Հռոմի ապագա պապ Ֆրանցիսկոսին չի թողել հանդերձարան: Այս մասին հայտնում է Eluniverso.com-ը:
«Մի հոգևորական մշտապես խաղերից առաջ գալիս էր մեր թիմի հանդերձարան՝ ողջունելու ֆուտբոլիստներին: Սակայն ես չէի ցանկանում, որ ինչ-որ մեկը խանգարեր խաղացողներին կենտրոնանալ խաղի վրա: Այդ իսկ պատճառով խնդրեցի մեր ակումբի նախագահ Ֆերնանդո Միելեին՝ արգելել այդ հոգևորականին հանդերձարան մտնել»,- պատմել է Բասիլեն:
Հռոմի պապ Ֆրացիսկոսը երկրպագում է ակումբին մանկուց և մինչ օրս թիմի երկրպագուների ակումբի անդամ է: Ի պատիվ հոգևոր առաջնորդի՝ թիմի ղեկավարությունը նույնիսկ որոշել է ակումբի մարզադաշտն անվանել «Ֆրանցիսկոս պապ»:










































