CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում կարող է գրանցվել հրաբխի պայթյուն: Այդպիսի եզրահանգման են եկել Մալթեփեի համալսարանի գիտնականները: Մի քանի ամիս շարունակ 12 գիտնականներ հետազոտություններ են անցկացրել Միջերկրական ծովի ափամերձ տարածքում և պարզել, որ մեկ ամսում գրանցված 2340 երկրաշարժերի հետևանքով այստեղ առաջացել է ստորջրյա հրաբխի ժայթքման վտանգ:
Բացի այդ, ջրում՝ 25 մետր խորության վրա, հայտնաբերվել է 25 մետրանոց խառնարան: Ընդհանուր առմամբ, Թուրքիան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և այստեղ բավական հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնք հանգեցնում են մարդկային զոհերի: 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում (Իզմիթ) գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ: Դրա հետևանքով զոհվել է մոտ 18,000 մարդ:








































