News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է հայտնվել ժողովրդի շարքերում և ոտքով քայլել, եթե անգամ իրեն զրկեն թիկնազորից ու զրահապատ մեքենայից:
Այս մասին նախագահը հայտարարել է երեկ Քոբուլեթում (Աջարիա)՝ մեկնաբանելով Քութայիսում տեղի ունեցած միջադեպը, ուր քարեր են նետել նրա շարասյան վրա և ֆիզիկական վիրավորանք են հասցրել Սաակաշվիլիի կուսակից պատգամավոր Ակակի Մինաշվիլիին.
«Այն, ինչ ընդհանուր առմամբ տեղի է ունենում երկրում, ինստիտուտների դեմ ուղղված հարձակում է: Շատ քիչ դեպքեր գիտեմ, երբ կառավարությունը միտինգներ է կազմակերպում ընդդիմության դեմ: Նման բան Վրաստանում տեղի է ունեցել 1990-ական թվականներին:
Ոչ ոք թող չսպասի, որ ես կհրաժարվեմ երկրով մեկ շրջելուց և մարդկանց հետ հանդիպելուց: Ամեն օր ես կլինեմ ժողովրդի մեջ, ինձ պետք չէ ո՛չ թիկնազոր, ո՛չ զրահապատ մեքենաներ ու ուղղաթիռներ: Քութայիսում տեղի ունեցածը նպաստում է նրան, որ երկրում տիրի քաոս»:
Սաակաշվիլին ոստիկանությանը կոչ է արել կարգուկանոն հաստատել երկրում: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նույնպես կոչ է արել անհապաղ հետաքննել Քութայիսի միջադեպը:









































