Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանին երեկ ձերբակալել են: «Հրապարակ»-ը գրում է, որ այս հանգամանքը խոր ցավով են ընդունել գյուղացիները և առավոտվանից բունտ են արել ոստիկանության ու մարզպետարանի մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց ղեկավարին: Գյուղացիներից մեկը երեկ ահազանգեց թերթի խմբագրություն, թե այս բողոքի ժամանակ ոստիկաններն ու գյուղացիները ձեռնամարտի են բռնվել: Հաշվի առնելով շատինցիների բնավորության առանձնահատկությունները՝ ձեռնամարտի հավանականությունը մեծ էր, սակայն ոստիկանությունից այդ փաստը հերքեցին:
Իսկ ինչու է համայնքապետը հայտնվել ճաղերի հետևում: «Հրապարակը» դեռևս դեկտեմբերի 15-ի համարում անդրադարձել էր գյուղապետի ու տեղի հարկային ծառայության աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին: Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը հավաստիացրել էր, թե մուշտիներ չեն հասցրել միմյանց, ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին, ովքեր էլ, իր սարկազմին չդիմանալով, վազել են ոստիկաններին բողոքելու: Հայտնել էր նաև, թե մարզային ռևիզորներն «ընկել են իր հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում իրեն պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա»: Այս անգամ նյարդերը տեղի են տվել ու, հարկայինների գրագիտությունը կասկածի տակ առնելով, ծաղրել է ռևիզորներին: «Էս անգամ էլ չեմ հանդուրժելու… Իրանք պետք է ներկայանան ՍՊԸ-ի տնօրենին, նոր գան ստուգում անեն: Սրանց համար սովորական բան ա դարձե՝ գնան ու ակտ գրեն»,- նեղսրտել էր հարկայինների թիրախում հայտնված համայնքապետը՝ շարունակելով, թե չարաբաստիկ վիճաբանությունը ծագել է իր բենզալցակայանում: «Իրանք խոչընդոտեցին, որ ես բենզին լցեմ, ես էլ ձեռ առա իրանց, ասեցի, մեկ ա՝ գրեք, չգրեք, դուք ակտ գրել չգիտեք: Ասեցի՝ գոնե ակտ գրել սովորե՞լ եք, ու տենց ավելորդ բաներ, խոսակցություն, քյասար՝ ես ձեռ եմ առե, իրանք էլ գնացե-բողոքել են, էդ ա եղել, թե չէ ուրիշ բան չի եղել»,- թերթին պատմել էր գյուղապետը:
Եվ ահա այս միջադեպը ճակատագրական է դարձել Մամիկոն Սմբատյանի համար: Հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրօր. 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Կատարվում է քննություն: Ինչ վերաբերում է մարզպետարանի մոտ բողոքի ցույցին, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ասաց, որ իրենք անելիք չունեն, գործով զբաղվում են իրավապահները: Իսկ գյուղացիներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտել, որը ոչ մի արդյունք չի ունեցել: «Ես տեղյակ եմ՝ ձերբակալվել ա, մարդիկ էլ իրենց անհանգստությունն են հայտնում, բայց մենք որևէ իրավասություն չունենք գործի քննությանը միջամտելու, դա իրավական դաշտում է, իրենք են պարզելու՝ գործի ընթացքը, պատճառները, ես էլ, որպես մարզպետ, անհանգիստ եմ, բայց դա նախաքննական մարմնի վարույթում է գտնվում: Իրենք կարող են պարզաբանումներ տալ»,- ասաց մարզպետը:
Գյուղացիներն էլ վստահեցնում էին, թե ձերբակալությունն անօրինական է, իրենք էլ պայքարելու են հանուն գյուղապետի ազատության: Թե ինչպես է ստացվել, որ միայն գյուղապետը 3-4 հարկային աշխատողի ծեծի է ենթարկել, ոստիկանությունից չմանրամասնեցին:











































