Անցած հանգստյան օրերին միլիոնավոր եգիպտացիներ ուղևորվել են ընտրատեղամասեր՝ իրենց կարծիքն արտահայտելու երկրի նոր Սահմանադրության վերաբերյալ: Այդ առիթով Pew Research Center հայտնի ամերիկյան վերլուծական կենտրոնը եգիպտացի ընտրողների շարքում սեփական սոցիոլոգիական հարցումն է անցկացրել: Այս մասին հայտնում է ajib.fr լրատվական պորտալը:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ եգիպտացիների ճնշող մեծամասնությունը կողմ է օրենքների «իսլամականացմանը»: Այսպիսով՝ հարցվածների 60 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել օրենսդրական գործընթացում Ղուրանին հետևելուն, իսկ 32 տոկոսը դեմ չէ օրենքների ամրագրման ժամանակ իսլամի սկզբունքների չափավոր պահպանմանը:
Անսպասելի էին եգիպտացիների պատասխանները պետության և կառավարական ու դիվանագիտական որոշումներում կրոնի ազդեցության հարցի վերաբերյալ:
Սոցիոլոգներն այդ հարցի երկու պատասխան են առաջարկել՝ նշել Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում կրոնի դերը:
Եգիպտոսի բնակչության 61 տոկոսը Սաուդյան Արաբիայի կրոնական մոդելն է Եգիպտոսի համար արդյունավետ համարել: Իր հերթին հարցվածների 17 տոկոսը դեմ չի եղել իր երկրի համար կիրառել թուրքական կրոնական մոդելը:
Եգիպտացիների 71 տոկոսը հայտնել է, որ իսլամը դրականորեն է ազդում Սաուդյան Արաբիայի պետական քաղաքականության վրա` նշելով, որ դեմ չեն կրոնի ազդեցությանը եգիպտական քաղաքականության վրա:











































