ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր 6 ամսով` մինչև 2013-ի հունիսի 30-ը, երկարաձգել է Գոլանի բարձունքում` իսրայելասիրիական սահմանի երկայնքով կրակի դադարեցման ռեժիմին հետևող ՄԱԿ-ի տարանջատման վերահսկման ուժերի (ՄՏՎՈՒ) առաքելությունը: Ընդունված բանաձևում նշվում է բուֆերային գոտում սիրիական բանակի զինվորների և տեխնիկայի ու ընդդիմության զինյալների ներկայության առնչությամբ Անվտանգության խորհրդի մտավախությունը` հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում նշված է, որ այդ շրջանում ռազմական գործողությունները լրջորեն խոչընդոտել են խաղաղարար ուժերի արդյունավետ աշխատանքին, նաև` «Իսրայելի և Սիրիայի միջև հարաբերությունների լարվածության մեծացման պոտենցիալ պատճառ կարող են դառնալ»: Անվտանգության խորհրդի անդամները հակամարտող կողմերին կոչ են արել «լիովին համագործակցել» խաղաղարար ուժերի հետ` ապահովելով դրա տեղափոխության ազատությունը, նաև նպաստելով ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգության ապահովմանը:
ՄՏՎՈՒ-ն Գոլանի բարձունքում տեղակայվել է 1974-ին: 2012-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ ուժերի կազմում կա 1034 զինծառայող և 100-ից ավելի քաղաքացիական աշխատակից: Վերջին շաբաթներին խաղաղարարները մի քանի անգամ հայտնվել են սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև կրակի գծում:
Դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղարար օպերացիաների գծով տեղակալ Էրվե Լադսուսը հայտարարել էր, որ երկրում, հատկապես Գոլանի բարձունքում իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով ՄՏՎՈՒ-ն լրացուցիչ զրահատեխնիկա և սարքավորումներ կհատկացնի: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ խաղաղարարները քիմիական պաշտպանության լրակազմ են ստացել, ինչը խոսում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցում ՄԱԿ-ի լուրջ մտահոգության մասին:
Վերջերս ՄԱԿ-ը քննարկում է Սիրիա ևս մեկ խաղաղարար առաքելություն ուղարկելու ծրագիրը, որի անհրաժեշտությունը պնդում է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Ենթադրվում է, որ ծայրահեղ դեպքում ուղարկվելիք առաքելությունը կունենա հետախուզական, ռազմական և քաղաքացիական բաղադրիչներ, ընդհանուր առմամբ` 4-10 000 մարդ:










































