ԱՄՆ իշխանությունները ծրագրում են Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա տենդի դեմ պայքարի համար ծախսել մոտ 1 մլրդ դոլար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների համար պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին:
Նա հիշեցրել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ատլանտայում Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և տարածման վերահսկողության կենտրոնում ելույթի ժամանակ հայտարարել է հիվանդության դեմ պայքարի համար 500 մլն դոլար հատկացնելու մտադրության մասին:
«Բացի դրանից՝ մենք ևս 500 մլն դոլարի հայտ ներկայացրինք այդ վիրուսի տարածումից տուժած երկրներին օգնելու համար,- ասել է Քիրբին:- Այդպիսով, ծրագրվում է 1 մլրդ դոլար ծախսել Էբոլային արտակարգ արձագանքելու ջանքերի համար»:










































