Սահմանադրության հանրաքվեի դեմ միլիոնների երթ անցկացնելու Եգիպտոսի ընդդիմության կոչերը լայն արաձագանք չեն գտել մարդկանց շրջանում: Ինչպես հաղորդում էITAR-TASS-ը, երեքշաբթի երեկոյան Կահիրեոմ ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել սահմանադրության և հանրաքվեի առաջին փուլի արդյունքների դեմ կազմակերպված բողոքի ակցիային:
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակը բազմամարդ չի եղել: Նախագահական նստավայրի մոտ նույնպես շատ ցուցարարներ չեն եղել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երեքշաբթին չի դարձել զանգվածային բողոքի ակցիաների օր:
Ազգային փրկության ճակատը կոչ էր արել եգիպտացիներին երեքշաբթի միլիոնների երթ կազմակերպել՝ որպես բողոքի նշան քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների, կեղծիքների դեմ: Եգիպտոսի ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ իրենք դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում մանրամասնորեն նկարագրել են բոլոր խախտումները: Սակայն հանձնաժողովը հայտարարել էր, որ խախտումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա:
Ընդդիմության տվյալներով՝ իրենք ներկայացրել են ավելի քան 7000 բողոք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին կայանալու է սահմանադրության նոր նախագծի հարցով հանրաքվեի երկրորդ փուլը: Քվեարկությանը մասնակցելու են Եգիպտոսի 17 մարզերի բնակիչներ:










































