Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Türk Ocakları («Թուրքական օջախներ») ընկերության հիմնադրման 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված կոնֆերանսին, պատմական էքսկուրս է կատարել.
«Ինչպես ուղիղ 100 տարի առաջ, այնպես էլ հիմա Լիբիան գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ժամանակ մենք միասին մարտնչում էինք համընդհանուր թշնամու (Իտալիայի) դեմ: Մենք լիբիական ժողովրդի ցավը դիտարկում ենք որպես մեր անձնական ցավը:
Հաջորդ տարի լրանալու է Բալկանյան պատերազմների, իսկ 2014 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը: 2015 թվականը մենք նշելու ենք, որպես Չանաքքալեի (Դարդանել) օպերացիայի հաղթանակի տարի, սակայն ոմանք ցանկանում են դա գլխավորապես վերածել «Հայկական հարցի» (Հայոց ցեղասպանության) 100-րդ տարելիցի տարվա:
Իսկ 2023 թվականին կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարելիցը: Այդ 12 տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունն աստիճանաբար բաժան-բաժան արվեց ու, ի վերջո, փլուզվեց, նրա բաղկացուցիչ մասերն անջատվեցին նրանից ու սկսեցին հոգեբանական ու պատմական առումով միմյանցից օտարանալ և արդյունքում 1923 թվականին ծնվեց մեր ազգային պետությունը:
Պատմության ընթացքում գեթ մեկ անգամ աչքի ընկած (պատմական առարկա հանդիսացած) ազգերը երբեք չեն կարող մոռացվել: Մնում է նրանց մշակութային ու քաղաքակրթական ժառանգությունը:
Թուրք ազգը պատմական մեծ փորձ ունի, պատմության ընթացքում Ասիայում ու Եվրոպայում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել ու հաղթահարել է դրանք: Մենք երբևէ չենք հանդիսացել պատմության պասսիվ տարր և երբեք էլ չենք հանդիսանա: Այսօրվանից մենք պետք է մեր ազգին պատրաստենք հաջորդ 100 տարիների համար, ինչը շատ բարդ գործընթաց է»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի վերջին Վաշինգտոնում Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ իրենք չեն հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել.
«Մենք չենք ասում, թե այն ժամանակ հայերի հետ ոչինչ տեղի չի ունեցել: Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Սակայն պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում: 1915 թվականը կարևոր տարեթիվ է հայերի համար, սակայն պետք է հիշել, որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250.000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում (Դարդանելում), այդ թվում նաև իմ պապը»:






































