Ադրբեջանն ու Թուրքիան դարերի ընթացքում միասին են եղել, և այսօր մենք, որպես անկախ պետություններ, համատեղ կառուցում ենք մեր ապագան՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ: Այս մասին հայտնում է TRT-Haber հեռուստաալիքը:
«Մեր քաղաքական կապերը զարգանում են օրեցօր: Այս ամսվա սկզբին հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով եղել է Ադրբեջանում: Այժմ մեզ մոտ պաշտոնական այցով գտնվում է հարգարժան վարչապետը: Եվ ես իմ առաջին պաշտոնական այցն ընտրություններից հետո կատարել եմ Թուրքիա: Իրականում դա հստակ վկայում է մեր կապերի մակարդակի մասին»,- ասել է պետության ղեկավարը:
Ալիևը նշել է, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են նաև տնտեսության ոլորտում: Փոխադարձ ներդրումների արդյունքում երկու երկրները, սեփական շահերն ապահովելուն զուգընթաց, էլ ավելի կամրապնդեն միմյանց: