Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում: Այս մասին փոխանցում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին՝ մինչ «օկուպացված տարածքների լիարժեք ազատագրումը, ինչպես նաև դրանից հետո»:
Վարչապետի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կաշխատեն հանուն տարածաշրջանում խաղաղության վերադարձման:
Նա ափսոսանք է հայտնել, որ դեռևս ոչ բոլոր երկրներն են հասկանում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության նշանակությունը:
Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրները մտադիր են ապագայում էլ համագործակցել և փոխադարձ աջակցություն ցուցաբերել միջազգային հարցերում:
Նրա խոսքով՝ Թուրքիան կարձագանքի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած անարդարության:
Դավութօղլուն նշել է, որ ապագայում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով մեծ հաջողությունների կհասնեն:
Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր սկսված նախագիծ կավարտվի և ուղի կբացի նոր նախագծերի համար:
«Մենք տարբերություն չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանին ծառայել՝ նշանակում է ծառայել Թուրքիային, և հակառակը»,- ընդգծել է նա:







































