Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ կայացրեց հայտնի՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անվան հետ կապված «Մատաղիսի գործով» մեղադրվող 3 երիտասարդի՝ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի վերաբերյալ: Դատարանը որոշեց գործն ուղարկել նոր քննության և հայտնաբերել իրական մեղավորներին: 2005-ի մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանը Զալյանին, Սարգսյանին և Սերոբյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում տեղակայված զորամասում 2003-ին իրենց ծառայակիցների՝ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեղադրանքով: 2006-ի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխեց ցմահ ազատազրկմամբ:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս ողջ ընթացքում թե՛ դատապարտվածները, թե՛ սպանվածների ծնողները պնդում էին, որ նրանք չեն սպանողները, ընդամենը քավության նոխազ են սպանության իրական հեղինակներին պարտակելու համար: Սա շատ սովորական երևույթ է Հայաստանում: Անսովոր է, երբ ՀՀ դատարանն արդարացման դատավճիռ է կայացնում: Կարծում ենք, նման զարգացումը երկար ժամանակ անսովոր էլ կմնա: Ներկայումս կարելի է տասնյակներով հաշվել բանակում կատարված սպանությունների, պատահարների խոշտանգումների հետ կապված այն քրգործերը, որոնցում որպես մեղադրյալ անցնում են միմիայն «քավության նոխազներ», իսկ բարձրաստիճան զինվորականների հանցագործությունը կոծկվում է: Այդպիսի գործ է ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ գործը, այս տարվա սեպտեմբերին Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհին շրջված զինվորական մեքենայի գործը, որ 2 զինվորի կյանք խլեց, և գլխավոր մեղադրյալը վերադասի հրամանը կատարած շարքային զինծառայող է: Ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Բայց ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ կանխատեսել, որ դատարաններն այս գործերով արդար դատավճիռ կընթերցեն, կարդարացնեն անմեղին, կդատեն մեղավորին: Նման բան ՀՀ-ում, ցավոք, տեղի է ունենում միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչպես մեկ տասնամյակի պատմություն ունեցող «Մատաղիսի» գործի դեպքում եղավ:








































