Դեկտեմբերի 18-ին իրաքյան Baghdad TV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, ով կաթվածից հետո հիվանդանոցում բուժվում էր, վախճանվել է: Որոշ ժամանակ անց «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին հերքել է այդ տեղեկատվությունը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Թալաբանին կաթված է ստացել և դեկտեմբերի 17-ին տեղափոխվել հիվանդանոց: Այնուհետև Իրաքից տեղեկություններ էին ստացվում, որ նախագահը «ծայրահեղ ծանր վիճակում» է գտնվում: Որոշ աղբյուրներ էլ տեղեկացնում էին, որ նախագահն անգիտակից վիճակում է:
Վերջին տարվա ընթացքում Թալաբանին առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Արաբական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ նրան վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Այսօր հիվանդանոցում նրան այցելել է վարչապետ Նուրի Ալ-Մալիկին:
79-ամյա Ջալալ Թալաբանին Իրաքի նախագահ է ընտրվել 2010 թ. նոյեմբերին:









































