Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանդերը, ով 10 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության մեղադրանքով, հիվանդանոց է տեղափոխվել, ինչի պատճառով կհետաձվի դատական նիստը, որը պետք է կայանար նրա նկատմամբ հարուցված նոր գործի առիթով։ Այս մասին հաղորդում է Hrvatska radiotelevizija-ն։
Սանդերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Զագրեբի հիվանդանոցներից մեկը։ Սակայն հոսպիտալացման իրական պատճառը հայտնի չէ։
Հետաձգված դատական նիստում պետք է քննարկվեր խորվաթական Fimi media ընկերության հետ կապված ֆինանսական խարդախությունների գործը, ինչի մասնակցության մեջ կասկածվում է նախկին վարչապետը։ Հաղորդվում է, որ այդ ընկերության միջոցով յուրացվել են պետական փողեր, ինչի արդյունքում պետբյուջեն 9,3 մլն եվրոյի վնաս է կրել։
Իվո Սանդերը Խորվաթիայի կառավարությունը գլխավորել է 2003-2009 թթ. և հրաժարական է տվել առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։ 2011-ից Ավստրիայում կալանքի տակ է առնվել, այնուհետև արտահանձնվել է Խորվաթիային։ Նոյեմբերին պաշտոնի չարաշահման և կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Սանդերը իրեն մեղավոր չի ճանաչում, և այդ բոլորը համարում է քաղաքական նկատառումներով հետապնդում իր նկատմամբ։







































