Սիրիական բանակի դասալիք գեներալ-մայոր Ադնան Սիլուն Al-Arabiya հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատմել է Սիրիայում քիմիական զենքի վիթխարի զինանոցի մասին: Զինվորականի խոսքով՝ այդ պաշարները համեմատելի են Իսրայելի միջուկային զենքի ծավալների հետ:
Զինվորականը, որը Բաշար Ասադից փախել էր 2012-ին, մասնակցել է քիմիական զենքի կիրառմանը վերաբերող բանակցություններին: Նա պատմել է, որ բարձր մակարդակով քննարկվել է ապստամբների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության դեմ այդ զինանոցի կիրառման հարցը:
Բացի այդ, Սիլուն բացահայտել է քիմիական զենքի պահման վայրը: Նա հաստատել է, որ մանանեխի գազի և նյարդային համակարգը կաթվածահար անող նյութերի պահեստը գտնվում է Հոմսում և Հալեպի գիտական կենտրոնում: Պահեստները պահպանում են հազարավոր սիրիացի զինվորականներ, սակայն նրանց հաղթել, Սիլուի խոսքով, բարդ չէ ո´չ ապստամբների, ո´չ էլ իսլամիստական ծայրահեղական խմբավորումների համար:
Այդ տարածաշրջանում խաղաղարար ուժերը նախկինում նույնպես հաղորդել էին Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին: Բացի այդ, Պենտագոնի աղբյուրները տվյալներ են հրապարակել այն մասին, որ զինվորական դաշտում աշխատող քիմիկոսները պատրաստել են նյարդակաթվածահար անող գազ և այն հատուկ տարաներով լցրել ավիառումբերի մեջ:
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին իր կողմից մտավախություն էր հայտնել, որ ապստամբները կարող են թունավոր գազերն օգտագործել խաղաղ բնակչության դեմ և մեղքը բարդել կառավարական ուժերի վրա:









































