Շոտլանդիայում՝ Էդինբուրգից ոչ հեռու գտնվող ֆերմաներից մեկի տերերը տեղացիներին առաջարկում են հոգ տանել իրենց ապագա սուրբծննդյան ընթրիքի՝ հնդկահավերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Orange News-ը:
Ցանկացողները պետք է վճարեն 15 ֆունտ սթեռլինգ: Գումարը կտրամադրվի թռչունների համար թռչնակեր գնելու և նրանց պայմանները բարելավելու նպատակով:
Ինչպես պատմել է ֆերմայի ներկայացուցիչ Խիզեր Անդերսոնը, այդկերպ իրենք փորձում են ընդլայնել մարդկանց գիտելիքները այն մասին, թե հատկապես ինչով են սնվում այդ թռչունները:
Ինչպես հաղորդվում է, նախաձեռնությունը շատ տեղացիների սրտով է: Ֆերմայի տիրուհու խոսքով՝ շատ թռչուններ ստացել են անուններ, օրինակ՝ Հորացիուս, Էտել, Սուրբծննդյան ընթրիք: «Որոշ կանայք հնդկահավերին կոչում են իրենց ամուսինների անուններով»,- հաղորդել է Անդերսոնը:
Տապակած հնդկահավը ավանդական ուտեստ է, որը ԱՄՆ-ում ու Եվրոպայում դրվում է սուրբծննդյան սեղաններին:









































