Հոլանդացի և նորվեգացի գիտնականները պարզել են, թե ինչու է Սանտա-Կլաուսի եղջերուներից մեկի՝ Ռուդոլֆի քիթը կարմիր,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Գիտնականները հետազոտել են հինգ առողջ մարդկանց, երկու եղջերուների և ևս մեկ մարդու բարորակ նորագոյացություններ ունեցող քթի լորձաթաղանթը: Պարզվել է, որ եղջերուների քթի լորձաթաղանթում 25%-ով ավելի շատ են մազանոթները, քան թե մարդկանց քթերում: Մազանոթները ապահովում են օրգանիզմը թթվածնով և օգնում են կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Տեքստին կցվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո եղջերուի ինֆրակարմիր լուսանկարը:
«Ռուդոլֆի քիթը կարմիր է շնորհիվ մեծ թվով կարմիր կետերի և արյան ուժեղ շրջանառության, որպեսզի եղջերուները կարողանան թռիչքներ գործել Սանտա-Կլաուսի համար»,- նշել են մասնագետները:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal պարբերականի ամանորյա համարում:
Ռուդոլֆի ճանապարհորդությունը Սանտա-Կլաուսի սահնակի հետ գտնվում է ֆիզիկոսների մեծ ուշադրության ներքո: Հաստատվել է, որ եղջերուն ստիպված կլիներ շարժվել 1000 կմ/վ արագությամբ, որպեսզի լիներ գրեթե 100 մլն տներում, որտեղ սպասում են Սանտային: Նման արագության դեպքում սահնակը կփոշիանար նվերների հետ միասին:







































