Զարմանալի է՝ ԱԺ-ում թվաքանակով երկրորդ քաղաքական ուժը թևաթափ եղած է մասնակցում ընտրությունների. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով վերջերս մեծ քննարկումների առարկա դարձած ԲՀԿ հայտարարության շուրջ:
Նա նշեց, թե քանի որ «ժառանգությունն» իր գործունեությունը կապում է այլ գործոնների՝ հասարակական տրամադրությունների, հանրային պահանջի և ծրագրային դրույթների հետ, ուստի ԲՀԿ հարգարժան որոշումը որևէ մեծ ազդեցություն չէր կարող թողնել «Ժառանգության» առաջիկա քաղաքականության վրա: Բանախոսը ԲՀԿ-ին սուվերեն քաղաքական ուժ համարեց և նկատեց, որ այդ ուժը կարող է ցանկացած որոշում ընդունել, որը պետական շահին չի հակասում:
«Իրենք կարող էին նաև առանց թեկնածուի մասնակցել, բայց, որպես թվաքանակով երկրորդ խմբակցությունը, զարմանալի է, որ թևաթափ եղած է մասնակցում ընտրությունների և որևէ մեկին չի սատարում: Այս բոյկոտող իրավիճակը քաղաքական տեսանկյունից անընդունելի է, որովհետև խոշոր քաղաքական միավորման բոյկոտը ճիշտ դիրք չէ, բայց իրենցն է որոշումը, որի իրավունքն ունեն»,- մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ ընտրազանգվածի բախշմանը թեկնածուների միջև՝ նա ասաց, որ այդ ընտրազանգվածն ընդդիմադիր է, ոչ իշխանական, ուստի և ընդդիմադիր զանգվածը ընդդիմադիր թեկնածուի է ընտրելու: «Չմոռանաք, որ ԲՀԿ-ն հանդես էր եկել ընդդիմադիր կեցվածքով, դա է պատճառը, որ «Ժառանգության» նկատմամբ հարվածների պայմաններում մի մասը դեպի ԲՀԿ ուղղորդվեց: Տրամադրությունները նախկին դաշտ են վերադառնալու»,- կարծիք հայտնեց բանախոսը:
Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է լինել համախմբող թեկնածուն, նա պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքությունն իսկապես մեծ է՝ խոցելի կողմեր շատ քիչ ունի, իշխանությանը տնտեսական կապերով կապված չէ, չի մասնակցել իշխանության կողմից վայրի սեփականաշնորհում-թալանին, արտաքին քաղաքականության առաջին ղեկավար եղած ժամանակ քայլեր է արել, որոնք պաշտպանել են միայն ազգային պետական շահը:
«Ինքը քաղաքական առումով համախմբող թեկնածուն դառնալու հնարավորությունն ունի»,- նկատեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:







































