Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական խմբում կընդգրկվեն այնքան երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, որքան անցած մայիսին կայացած խորհրդարանի ընտրությունների ժամանակ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մամուլի խոսնակ Թոմաս Ռայմերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելել է, որ նախագահական ընտրություններին ևս գրասենյակի դիտորդական առաքելության կազմում կլինեն 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր Հայաստան կժամանեն ընտրություններից 14-16 օր առաջ:
Ռայմերի փոխանցմամբ՝ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները Հայաստանում կլինեն քվեարկությունից մի քանի օր առաջ:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերը ստացել է դեկտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունից:
Ինչ վերաբերում է տեղական դիտորդներին, ապա թեև նախագահի գալիք ընտրություններին դիտորդների հավատարմագրման համար դիմելու ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 8-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է հանձնաժողովի մամուլի խոսնակը, դեռ որևէ կազմակերպություն չի դիմել:











































