Ռադիոակտիվ յոդի պարունակությունը Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» վթարված ատոմակայանից ոչ հեռու գտնվող ծովային ջրերում գերազանցում է նորման ավելի քան 1.250 անգամ: Այս մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը:
Մասնագետները սա կապում են այն փաստի հետ, որ հնարավոր է երրորդ ռեակտորի պաշտպանիչ շերտը վնասվել է, և մեծ արտահոսք է արձանագրվում: Այս մասին երեկ հայտնել էր Ճապոնիայի միջուկային և արդյունաբերական անվտանգության գործակալությունը: Բացի այդ, երեկ ռադիոակտիվ նյութերի պարունակությունը ծովային ջրերում նորման գերազանցում էր 150 անգամ: Այս պահին հայտնի է, որ տարհանում է իրականացվում ատոմակայանից 30 կմ շառավղով:
«Իրավիճակը «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում մնում է շատ ծանր և լուրջ: Մենք պետք է զգոն մնանք, լավատեսության համար հիմքերը քիչ են»,- նշել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը:
Մարտի 24-ին նաև հայտնի է դարձել, որ ատոմակայանի 17 աշխատակիցներ ստացել են ճառագայթման մեծ չափաբաժիններ: Նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում, քանի որ նրանց մարմնի հետ շփման մեջ մտած ջրի մեջ ռադիոակտիվ նյութերը 10 հազար անգամ գերազանցել են սահմանված նորման:








































