ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Վեսթ Ռիչլանդ քաղաքի Enterprise Middle School դպրոցի աշակերտները արդեն չեն պատկերացնում իրենց կյանքը առանց Սեբլ անունով սև կատվի, որն ամեն օր հետևում է նրանց անվտանգությանը` հայտնում է LifeWithCats պորտալը:
Սեբլը սկսել է երեխաների հետևից գալ շուրջ մեկ տարի առաջ: Կատվի տիրոջ՝ Թամարա Մորիսոնի խոսքով՝ մի օր կատուն ինչ-որ տեղ է անհետացել, ապա ավելի ուշ պարզվել է, որ նա գտել է իր կոչումը` երեխաներին է օգնում: Դպրոց տանող ճանապարհին կատուն ամեն օր օգնում է պարեկային ծառայության աշխատակիցներին ու հետևում, որ բոլոր դպրոցականները անվտանգ հասնեն մինչև դպրոցի դռները:
Կամավորների ու աշակերտների խոսքով՝ կատուն երբեք չի ուշանում, բացի այդ՝ կատուն գալիս է անցումի մոտ նաև դասերի ավարտից հետո: Երեխաների մեծ մասը խոստովանում է, որ կատուն շատ է բարձրացնում իրենց տրամադրությունը:
Անվտանգութայան ծառայության աշխատակիցները նույնիսկ ֆիրմային ժիլետ են կարել իրենց փոքրիկ օգնականի համար՝ նրա ծառայությանը պաշտոնական տեսք հաղորդելու համար:







































