Երևանի և Մոնրեալի միջև հետագա համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետի պատրաստակամությունը` Երևանի և Մոնրեալի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցություն ծավալելու առումով, ավելացնելով, որ առաջնորդարանը ևս հետաքրքրված է և ակտիվ մասնակցություն ունի այս հարաբերություններում:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և գործընկեր քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները պետք է լինեն առարկայական և ստանան համագործակցության նոր որակ ու ընթացք:
Կարեն Կարապետյանը հյուրին է ներկայացրել քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջերս ներդրված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակները. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկություն ունենք, որ յուրաքանչյուր անհատ Երևանում, թե Երևանի սահմաններից դուրս իր կարողությունների չափով օգնի իր դպրոցին: Դպրոցը այսօր կարիքներ ունի և ցանկացած օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: Ցանկացած կամավոր վճարում պետք է նպատակային ծախսվի և այդ ամենը կայքի միջոցով թափանցիկ ու հասկանալի պետք է լինի բոլորի համար»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Կանադայում հայկական թեմի առաջնորդը ողջունել է քաղաքապետի այս ձեռնարկը. «Ես այս քաղաքի զավակն եմ և ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ հանգանակությունը` օգնելու իմ հարազատ դպրոցին»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, խոստանալով, որ այս նախաձեռնության մասին կտեղեկացնի նաև Կանադայի հայ համայնքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանում Մոնրեալի այգի ստեղծելու ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կպատրաստի և կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ:
Երևանի քաղաքապետարան









































