Տրամաբանորեն ու հոգեբանորեն Ռուսաստանն ու Հյուսիսային Կովկասն արդեն առանձնացել են իրարից, սակայն քաղաքական անկախացում չի լինի: Այս մասին այսօր, ըստ Новости-Грузия գործակալության, ասել է ՌԴ ԳԱ համակարգային վերլուծությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Պիոնտկովսկին` ելույթ ունենալով Թբիլիսիում ընթացող ՆԱՏՕ-ի 76-րդ սեմինարում:
Քաղաքագետի կարծիքով, Հյուսիսային Կովկասում լարված իրավիճակը այդ տարածաշրջանում Ռուսաստանի լուրջ սխալների ու հանցագործությունների հետևանք է:
«Ամեն ինչ սկսվեց Չեչնիայից, որտեղ ի սկզբանե անկախության համար դասական պատերազմ էր տեղի ունենում: Այդ պատերազմը արթնացրեց նաև Հյուսիսային Կովկասի մյուս ժողովուրդներին: Եվ այժմ այդ տարածաշրջանում իսկական արմատական, գաղափարական պատերազմ է ընթանում`կովկասյան ժողովուրդների մասնակցությամբ: Այդ պատերազմը սկսվեց տեղացի ժողովուրդների նկատմամբ Ռուսաստանի անտարբեր վերաբերմունքից»,- եզրակացրել է Պիոնտկովսկին:
Քաղաքագետը նշել է, որ հարյուր հազարավոր երիտասարդներ Հյուսիսային Կովկասից տեղափոխվում են ռուսական այլ քաղաքներ, որտեղ խնդիրներ են ծագում տեղացի ռուս ազգաբնակչության հետ: Միևնույն ժամանակ, Եվրոպան ու Եվրամիությունը չեն կարողանում ազդել Ռուսաստանի վրա` Հյուսիսային Կովկասի իրավիճակի կարգավորման ուղղությամբ, կամ օգնել նրան` այդ խնդիրների լուծման հարցում:









































