ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ջոն Բեյները պատրաստ է զիջել դեմոկրատներին և առավել ունևոր ամերիկացիների հարկը ներկայիս 36%-ից բարձրացնել մինչև 39.6%` փոխանցում է Reuters-ը: Տարեկան 1 մլն դոլարից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիներից գանձվելիք հարկի չափը նախագահ Բարաք Օբամայի գլխավորած դեմոկրատների և հանրապետականների միջև հակասությունների պատճառ է դարձել: Եթե կողմերը մինչև 2012-ի վերջը չպայմանավորվեն, ապա ԱՄՆ-ին սպառնում է «պետական գանձարանի անկում»:
Բանակցությունների գործընթացին մոտ աղբյուրը հայտնել է, որ ունևոր քաղաքացիների հարկերը բարձրացնելու դիմաց հանրապետականները Սպիտակ տնից պահանջում են կրճատել բյուջեի ծախսերը, մասնավորապես` Medicare և Medicaid բժշկական ապահովագրությունների, սոցիալական պաշտպանության ծրագրերի:
Այլ անանուն աղբյուրի տեղեկությամբ` Սպիտակ տունը մերժել է Բեյների առաջարկը:
«Պետական գանձարանի անկում»` միաժամանակ հարկերի կտրուկ բարձրացում և պետական ծախսերի կրճատում կարող է տեղի ունենալ 2013-ի հունվարի 1-ին: Դրա հետևանքով ԱՄՆ-ի տնտեսությունը 2%-4% անկում կապրի: Վերլուծաբանների հաշվարկներով` միայն 2013-ին այն կհանգեցնի մոտ 600 մլրդ դոլարի կորստի: