Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արևիկ գյուղի հատվածում` Երևանից Մեղրի ընթանալիս, պարսկական ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը ճանապարհի մերկասառույցի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով` հայտնվել Մեղրի գետում:
Այս պահին դեպքի վայր է ժամանում Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը` Մեղրիի ոստիկանապետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի Մեղրիի, Քաջարանի, Կապանի հրշեջ-փրկարարական խմբերը:
shamshyan.com-ը հայտնում է, որ ավտոբուսում եղել են 30-ից ավել ուղևորներ, որոնցից մեկը, ով 30-ամյա տղամարդ էր, տեղում մահացել է: Իսկ 9 հոգի արդեն գյուղացիների, փրկարարների և ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել գետից և տեղափոխվում են հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Արդեն ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչները, ովքեր փորձում են պարզել վարորդի, մահացած և վիրավոր անձանց ինքնությունները:









































