«Կարնեգի» հիմնադրամի առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալը այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Ղարաբաղյան հիմնահարցն այսօր այն նույն փուլում է, ինչ քսան տարի առաջ: Նրա խոսքով՝ նույն հռետորիկան է, մենք գիտենք ու ունենք այն, ինչ քսան տարի առաջ:
«Տարիների ընթացքում ամեն ինչ փոխվում է, բայց միևնույն ժամանակ՝ ոչինչ չի փոխվում: Այնքան բանակցություններ են անցկացվել, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներ, բայց ոչինչ չի փոխվել: 2006 թվականին ֆրանսիացիները համոզված էին, որ առաջընթաց կլինի, և շամպայնով սպասում էին՝ մինչև նախագահները դուրս կգային հանդիպումից ու կասեին, որ համաձայնության են եկել, բայց՝ ոչ:Եվ այդպես շարունակվում է մինչ օրս»,-ասաց նա:
Փորձագետն ընդգծեց, որ բանակցությունների սեղանին ռազմավարական հարցեր դրված չեն, ռեալ քննարկումներ չկան՝ ինչն է մեզ համար կարևոր, ինչ կստանանք փոխզիջումների դիմաց:
«Առաջիկայում հնարավոր է երեք համանախագահների միջև հանդիպում, գուցե դա լինի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շրջանականերում, գուցե՝ Ֆրանսիայում, հոկտեմբեր ամսին, բայց իմ կարծիքով՝ դա բանակցությունների ֆորմալ մասն է»:
Թոմաս Դը Վաալն ասաց, որ անհրաժեշտ է երկու կողմերից էլ ներգրավել փորձագետների, իսկ հիմա հակամարտությամբ զբաղվում է առավելագույնը 2-3 մարդ. «Պետք է այնպես լինի, ինչպես 90-ականներին՝ մի խումբ մարդիկ զբաղվեն և մի քանի հարց քննարկեն, ասենք՝ ինչ իրավունքներ ունեն փախստականները և այլն: Պետք չէ հույս դնել միայն երեք համանախագահների վրա, որոնք մի քանի ամիսը մեկ տարածաշրջան են այցելում»:
Փորձագետը հավելեց, որ ցավալի է, երբ երիտասարդներ են մահանում երկու կողմից էլ. «Պատերազմը խաղ չէ, երկու կողմերն էլ դա պետք է իմանան ու գիտակցեն»:
Դը Վաալի ասուլիսին տեսակապով միացել էր «Պատերազմ և խաղաղություն» ինստիտուտի Ադրբեջանի ներկայացուցիչ Շախին Ռզայևը: Վերջինս ևս ընդգծեց, որ այս տարիների ընթացքում ռեալ փոփոխություններ չեն եղել. «Հայաստաում կարծում են, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանում նույնիսկ հասարակության մեջ կարծիք կա, որ կան օկուպացված տարածքներ, և փախստականները պետք է վերադառնան»:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանում վերջին շրջանում այդ հռետորիկան էլ ավելի է ուժեղացել, բայցի այդ՝ այնտեղ հիմա դժվար ժամանակներ են. «Շատ մարդիկ են ձերբակալվել, Արևմուտքից ֆինանսավորվող քաղաքացիական նախաձեռնությունների հաշիվները սառեցված են, և իրավիճակը շատ բարդ է»:
Նրա խոսքերով՝ իրավիճակը այլ կլիներ, եթե հիմա նախագահեին Հեյդար Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե նաև համաձայնությունը ստորագրվեր. «Իսկ այժմ երկու նախագահների միջև նեգատիվ վերաբերմունքը բացասաբար է ազդում բանակցությունների վրա»:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































