Եգիպտոսի բարձրագույն ընտրական հանձնաժողովը սահմանադրության համար հանրաքվեի առաջին օրը երկարացրել է երկու ժամով՝ տեղական ժամանակով նախատեսված 21։00-ից մինչև 23։00-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դա արվել է որպեսզի Եգիպտոսի բոլոր ընտրողները կարողանան օգտվել քվեարկելու իրավունքից։ Իսկ երկրից դուրս գտնվող` ընտրելու իրավունք ունեցող եգիպտացիների համար քվեարկության ժամանակը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 17-ը` 20։00-ը։
Հանրաքվեն անց է կացվելու երկու փուլով՝ դեկտեմբերի 15-ին և 22-ին։ Քվեարկությանը կարող են մասնակցել ընտրելու իրավունք ունեցող` 18 տարին բոլորած 51 մլն քաղաքացիները։ Մոտ կես միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ գտնվում են երկրից դուրս։
Հանրաքվեի առաջին օրը՝ դեկտեմբերի 15-ին, կարող է քվեարկել 26 մլն քաղաքացի երկրի 10 նահանգներում, որոնց թվում են երկրի խոշորագույն քաղաքները՝ Կահիրեն և Ալեքսանդրիան։











































