Ֆիլիպինների իշխանությունները Սուրբծննդյան կապակցությամբ հայտարարել են 18-օրյա միակողմանի հաշտության մասին ապստամբ մաոիստների հետ:
Հակամարտությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի միավորեն ուժերը՝ վերացնելու ավերիչ «Բոֆա» թայֆունի հետևանքները, որին զոհ է գնացել մոտ 1000 մարդ, հաղորդում է Reuters-ը:
Ֆիլիպինների Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Առնուլֆո Բուրգոսան ասել է, որ 2012թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2013թ. հունվարի 2-ը բանակն ամբողջ երկրում դադարեցնում է ռազմական գործողությունները, որպեսզի զինվորները երկրի հարավում կարողանան ուշադրությունը կենտրոնացնել որոնողա-փրկարարական աշխատանքների վրա:
Հաշտությունը թույլ կտա նաև խաղաղ պայմաններում տոնել Սուրբ Ծնունդը: Միևնույն ժամանակ, Ա. Բուրգոսան նկատել է, որ զինծառայողները պետք է զգոն լինեն ու վտանգի պահին պատրաստ լինեն պաշտպանության:
Արմատական մաոիստական շարժման կողմնակիցները կենտրոնական կառավարության դեմ պայքար են մղում 1960-ականներից:
Ներկայում նրանց թիվը, ըստ փորձագետների, հասնում է 4000-ի:







































