Ֆինանսական օլիգարխը չտրոհվեց, ուստի ընդդիմության ղեկավարները պետք է նստեն և կոնսենսուսի գան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
Նա նշեց, որ վերջին քաղաքական զարգացումները փաստեցին, որ տնտեսական մարդը հաղթեց քաղաքական գործչին (տնտեսական մարդ նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ձեռքում, բանախոսի խոսքով, հանրապետության ամբողջ ֆինանսական ռեսուրսն է): Ըստ բանախոսի՝ ՀՀ ընդդիմության դերակատարները, ղեկավարները, որոնք նաև իրենք են ՀՀ քաղաքական ճգնաժամի մասնակիցները, գոնե պետք է ցանկանան մի ֆավորիտ գտնել գալիք նախագահական ընտրություններում: Թեև քաղաքագետը չբացառեց, որ կարճ ժամանակում նման գործընթաց գլուխ բերելը դժվար է, բայց՝ հնարավոր:
«Պետք է համախմբվել և թեկնածու առաջադրել: Այն ուժերը, որոնք կարծր դիրքորոշում ունեն, քաղաքական գործընթացները կասեցնում են: Ուրեմն պետք է նստել և կոմպրոմիս-կոնսենսուսի գալ: Քանի որ ֆինանսական օլիգարխը չտրոհվեց, հիմա բևեռացման կարիք կա»,- կարծիք հայտնեց բանախոսը՝ շարունակելով, որ այս ընտրությունները կանցնեն եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բայց ներքին իմաստով ժողովրդին հնարավոր չէ խաբել, ներքին լեգիտիմության հարցը կմնա, որը երկիրը կդարձնի ավելի կառավարելի:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀՇ-ի նախկին ղեկավարության և «Ղարաբաղ» կոմիտեի գործիչների շրջագծից պետք է դուրս գալ, նոր մարդիկ են պետք` նոր աշխարհայացքով:
«Այս ճգնաժամը նորի սկիզբ կարող է դառնալ»,- նկատեց բանախոսը:









































