Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձևաչափի վերաբերյալ հայտարարությունից հետո«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջում գրառումները չեն դադարում: Շատ քաղաքացիներ, գալիք նախագահական ընտրություններում չմասնակցելու ԲՀԿ որոշումից հիասթափված, ԲՀԿ-ական պատգամավորից որոշակի քայլեր են ակնկալում, մասնավորապես՝ ինքնառաջադրում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը նշեց, որ ոչ միայն գրառումներ կան, այլև՝զանգեր, նամակներ՝ նման բովանդակությամբ: «Դեռ կոնկրետ քաղաքացիական նախաձեռնություն չկա: Անհատական զանգեր և արձագանքներ շատ կան»,- նկատեց Բ. Կարապետյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է պատգամավորը որևէ կերպ արձագանքի քաղաքացիների խնդրանքներին և հորդորներին՝ Օսկանյանի օգնականը պատասխանեց. «Այս պահին դեռևս ինքնառաջադրման մասին խոսք չկա: Չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի, բայց այս պահին այսպիսի խոսակցություն չկա»:
Պատգամավորի էջում թողնված գրառումներից մեկի հեղինակը՝ Էդիկ Էհթիբարյանը, գրում է. «Պարոն Օսկանյան, մի՞թե ԲՀԿ-ն կորցնելու այնքան բան ուներ, որ որոշեց գնալ այնպիսի զիջողությունների, որ թեկուզ այս կերպ, բայց մնալ խաղի մեջ: Այսինքն դա ոչ թե կուսակցություն է, այլ բիզնեսմենների մի խումբ, որը քաղաքականությունից շատ հեռու է: Այսպիսի պատմական պահ ձեռքից բաց թողնել ու բացատրություն չտա՞լ։ Սա առնվազն անլուրջ քայլ է և անհարգալից վերաբերմունք նախ՝ ԲՀԿանդամների հանդեպ, իսկ հետո էլ՝ ամբողջ ժողովրդի հանդեպ: Ես խորապես հիասթափված եմ: Դուք շատ զրկանքներ եք կրել այս վերջին ամիսներին, իսկ ինչքան զրկանքներ են կրել հազարավոր այլ ԲՀԿանդամներ ամբողջ ՀՀ տարածքում, բայց հավատացել ենք, որ միասին կարող ենք ժողովրդավարություն հաստատել այս երկրում, ու ամենավճռական պահին կուսակցության վերնախավը այսպիսի անհեթեթ որոշումներ է ընդունում… Ինքնառաջադրվեք, պարոն Օսկանյան, սա է մեր խնդրանքը»:
ԲՀԿ-ից իր վիրավորվածության և հիասթափության մասինէ հայտնել նաև ֆեյսբուքյան օգտատեր Վահե Երիցյանը: Նա նշել է. «Մի՞թե կարելի է այսքան տարիների վաստակը ջուրը գցել, մի՞թե կարելի է խաղալ 500.000-ից ավելի ընտրողների ցանկությունների, հույզերի ու զգացմունքների հետ, մի՞թե կարելի է նման անպատասխանատու մոտեցում ցուցաբերել՝ լքելով նավը աղետի պահին։ Առաջադրվե՛ք, պարոն Օսկանյան, մենք սպասում ու հավատում ենք Ձեզ»։










































