Բահրեյնի իշխանությունները գնդացրից կրակ են բացում ցուցարարների վրա: Ընդ որում, այս գործում Բահրեյնի զինվորականներին օգնում են Պարսից ծոցի արաբական երկրներից այստեղ բերված զորամիավորումները:
Ինչպես BBC-ին տված հարցազրույցում ասել է Բահրեյնի իրավապաշտպաններից Նաբիլ Ռաջաբը, հիմնական վտանգը, որին բախվում են ցուցարարները, գնդացրային կրակն է, որ ցուցարարների վրա բացվում է ուղղաթիռներից և տանկերից:
Նա ավելացրել է, որ զոհերի թիվն օրեցօր ավելանում է, քանի որ իշխանությունները վերահսկում են բոլոր հիվանդանոցները, և վիրավորներին հնարավոր չէ տեղափոխել` բուժօգնություն ապահովելու համար:
Արդեն մի քանի օր է՝ Բահրեյնում հայտարարվել է արտակարգ դրություն: Երկրի զինված ուժերի հրամանատարը իրավունք է ստացել երկրի անվտանգությունն ապահովելու համար ընդունել ցանկացած որոշում: Երկրում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները` դպրոցները, բուհերը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունները:










































