Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարիամ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Մարիամը 2014 թվականի հունվարի 8-ին, առավոտյան ժամը 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում հայտարարություն է տվել, թե Արման Գրիգորյանը «Սոչի Պլազա» հյուրանոցի սենյակում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա գաղտնի հափշտակել է իր դրամապանակն ու ոսկե շղթան:
2014 թվականի հունվարի 11-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Մարիամի հաղորդումն անմիջապես գրավել է նաև հասարակության ուշադրությունը, որովհետև սեռական ոտնձգության և հափշտակության համար Մարիամի կողմից մեղադրված Արման Գրիգորյանի հայրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանն է, մայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զագսի պետ Մարիամ Մինասյանը, իսկ ինքը՝ Արմանը, «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատերն է:
2014 թվականի մայիսին մեղադրյալն ու տուժողը փոխատեղվել են: Մարիամը խոստովանական ցուցմունք է տվել, թե Արման Գրիգորյանի նկատմամբ սուտ մատնություն է կատարել՝ նրան մեղադրելով ծանր հանցագործության կատարման համար:
Մայիսի 7-ին արդեն քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին սուտ հաղորդում տալու փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Տուժողից մեղադրյալ դարձած Մարիամի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանում Մարիամ Մանուկյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Ընդհանուր իրավասության դատարանը եկել է եզրակացության, որ Մարիամը ենթակա է պատժի կատարած հանցանքի համար:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Մարիամը երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, անկեղծորեն զղջացել է հանցավոր արարք կատարելու համար, նրա խնամքին են 1999 թվականին ծնված դուստրը և 70-ամյա մայրը, ով տառապում է շաքարային դիաբետ հիվանդությամբ:
Դատական ակտում դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է Մարիամ Մանուկյանի առողջական վիճակի վերաբերյալ գործում առկա՝2014 թվականի հունվարի 10-ի կոնսուլտացիոն թերթիկին և 2014 թվականի ապրիլի 28-ի խորհրդատվական թերթին, ըստ որոնց՝ Մարիամի մոտ ախտորոշվել է նևրասթենիա՝ հիպերտոնիկ փուլ…, ապա դատարանը գտնում է, որ Մարիամ Մանուկյանի մոտ առողջական խնդիրներն առաջացել են նրա կողմից 2014 թվականի հունվարի 8-ին հանցանքը կատարելուց հետո, քանզի վերջինս քաջ գիտակցելով, որ անձին մեղադրում է չկատարած հանցանքի համար, պետք է որ նյարդային լարվածություն ունենար: Դրա վառ ապացույցն այն է, որ հունվարի 9-ին բացատրություն տալու ընթացքում Մարիամ Մանուկյանը գծեր է քաշել իր կողմից գրված բացատրության արձանագրության վրա և առանց որևէ պատճառաբանության լքել է քննիչի աշխատասենյակը: Այսինքն, Մարիամ Մանուկյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է իր իսկ կողմից ստեղծված իրավիճակով, հետևաբար դատարանը հաշվի չի առնում Մանուկյանի առողջական վիճակը՝ որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք»:
Նման գնահատականը ինչ-որ առումով ենթադրական է ու ոչ հիմնավոր, քանի որ դատարանը «փորձագիտական» եզրակացություն անել չի կարող, թե հատկապես ինչի հետևանքով է իրականում վատացել մարդու առողջական վիճակը:
Դատարանն արձանագրել է նաև, որ Մարիամ Մանուկյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ նույնպես չկան:
Այնուամենայնիվ, ընդհանուր իրավասության դատարանը, հանդես բերելով որոշակի խստահայացություն, Մարիամ Մանուկյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրան դատապարտել է 6 ամիս իրական ազատազրկման:
Պետք է ասել, որ ներկայումս մեծ տարածում ստացած այս հանցարարքի դատապարտման դատական պրակտիկան վկայում է, որ իրական ազատազրկման այս հոդվածով հազվադեպ են դատապարտվում: Առավել ևս, երբ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի քանի հանգամանքներ են լինում, այդ թվում՝ խնամքին անչափահաս երեխա ու հիվանդ ծնող ունենալը:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ու պատժի մեղմացում խնդրել ամբաստանյալ Մանուկյանի շահերի պաշտպան Սամվել Միրզոյանը:
Այսօր պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց իր բերած բողոքը:
Պաշտպանը նշեց, որ Մարիամ Մանուկյանն ինքնախոստովանական ազնիվ ցուցմունքներ է տվել: Իսկ պատիժը ինքնանպատակ չէ, խնդիրը հանցավոր արարք կատարած մարդուն նվաստացնելը չէ, այլ նրան դաստիարակելը: Պետք է որ նա հասկանա իր սխալը:
Մարիամի խափանման միջոցը նախաքննության ընթացքում և մինչև հիմա ստորագրությունն է չհեռանալու մասին: Ազատության մեջ լինելով՝ նա արդեն ապացուցել է, որ հանցավոր արարք այլևս թույլ չի տա: Նրա նկատմամբ վստահություն են ունեցել նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը: Անգամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով՝ դատարանը դեռևս ազատության մեջ է թողել Մարիամին:
Ըստ պաշտպանի՝ Մարիամն արդեն իսկ դատապարտված է, նա չի պահանջում, որ իրեն չպատժեն: Ընդամենը խնդրում է, որ փորձաշրջան նշանակվի, ու հնարավորություն տրվի, որ իր ընտանիքի հետ լինի, զբաղվի անչափահաս դստեր ու հիվանդ մոր խնամքով, այլապես ընտանիքը կընկնի ծանր կացության մեջ:
«Մարիամը հանցավոր արարքը գործել է պատահական հանգամանքների բերումով, անուղղակի դիտավորությամբ, նա չի գիտակցել իր արարքի հետևանքները, բայց ընդունում է իր սխալը ու միայն վիճարկում է պատիժը կրելու ձևը…»,- ասաց պաշտպանը:
Սամվել Միրզոյանը միջնորդեց պատժի մասով փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Մարիամ Մանուկյանին մեղավոր ճանաչել, դատապարտել, բայց նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:
Մարիամն ասաց, թե հասկացել է իր սխալը: «Միայն թե ազատազրկում չլինի, հիվանդ ծնող ունեմ, դեռահաս աղջիկ, կմնան անտեր: Ես չեմ գիտակցել, թե ինչ եմ անում, որևէ միտում չեմ ունեցել, ոստիկանությունում հաղորդում տվել եմ վիրավորանքից… Ես վատ վիճակում էի… հյուրանոցի սենյակում լոգասենյակից դուրս եկա, տեսա Արմանը չկա, հիմա էլ նրա ընկերն էր եկել, որն սկսեց ինձ քաշքշել… Շատ վիրավորվել էի, ես էդ մարդը չէի…»:
Մարիամն ասաց, որ ամուսնալուծվել է 2002 թվականին, դստերը մենակ է պահում, մայրը շաքարախտ ունի, տեսողությունը շատ վատ է, իսկ վերջերս տեղի ունեցած ավտովթարից հետո մայրը տնից դուրս չի գալիս: 48 հազար դրամ թոշակ են ստանում: Գյումրիից եկել են Երևան, վարձով են ապրում, այնտեղ աշխատանք չի գտել, փորձել է այստեղ լուծել հացի խնդիրը: «Իմպերիա» ռեստորանային համալիրի սեփականատեր Արման Գրիգորյանի մոտ էլ գնացել էր աշխատանքի հարցով… Բնակարանի վարձը առայժմ քեռին է օգնում վճարել՝ մինչև ինքը նորից կաշխատի…
Մարիամ Մանուկյանը ամբողջ դատական նիստի ընթացքում հազում էր, գունատ էր, ակնհայտ էր, որ նա էլ չի փայլում «քաջառողջությամբ»: Միևնույն ժամանակ, երիտասարդ կինը, ով, ըստ դատական ակտի, բարձրագույն կրթություն ունի, զուսպ էր, դատարանի նկատմամբ՝ հարգալից:
Մեղադրող դատախազը հակիրճ կերպով առարկեց պաշտպանի բողոքի դեմ՝ նշելով, թե սահմանված պատիժը կատարված հանցարարքին համաչափ է և՝ որ այն հանգեցնելու է պատժի նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ սոցիալական արդարության… վերականգնմանը…
Այս գործով, ուրեմն, սոցիալական արդարությունն էլ դեռ վերականգնվում կամ վերականգնվելու է…
Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը:
Կարինե Ղազարյան, Մանուշակ Պետրոսյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավորական կազմը որոշեց պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց:
Մարիամ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց սուտ մատնություն կատարելու համար, դատապարտվեց 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 1 տարի փորձաշրջան:
Մարիամ Մանուկյանը դատարանի որոշման հրապարակման ընթացքում անկեղծորեն լաց եղավ ուրախությունից: Հասկացել էր՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, բայց գոնե չազատազրկվելը ստեղծված իրավիճակում որպես փրկություն էր ընկալում…







































