Վարչապետ Հովիկ Աբրահամյանին զարմացրել է այն, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն ավելացել է: Զարմանալին իրականում հենց այն է, որ այս իրողությունը զարմացրել է Հովիկ Աբրահամյանին: Չէ՞ որ ով՝ ով, սակայն նա պետք է որ շատ լավ տիրապետեր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին: Իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին տիրապետող մարդը չի զարմանա, որ ամուսնալուծություններն ավելացել են, ինչպես որ չի զարմանա սոցիալական որևէ արատավոր, բացասական երևույթի աճից՝ ընդհանրապես:
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը՝ դրան գումարած հասարակությանը հոգեբանական ամրություն, վստահություն, գոնե վաղվա օրվա հանդեպ հավատ և լուսավոր սպասում ներշնչող որևէ երևույթի բացակայությունը նպաստում են ներհասարակական արատավոր միտումների զարգացմանը, աճին, այդ թվում և, բնականաբար, ընտանեկան անկայունությունների և հոգեբանական վայրիվերումների:
Եթե խնդիրը լիներ միայն սոցիալ-տնտեսական վիճակը, ապա այստեղ, իհարկե, հանգամանքները տարբեր կլինեին: Ի վերջո՝ ընտանիքները նաև նրա համար են, որ դիմագրավեն նման սոցիալական, նյութական դժվարություններին: Սակայն Հայաստանում այդ վիճակն ուղեկցվում է մի մթնոլորտով, որը մարդկանց մոտ առաջ է բերում անվստահություն որևէ հումանիտար արժեքի հանդեպ՝ արդարության, մարդասիրության, բարեգործության, հավասարության, ազատության և եղբայրության: Այսինքն՝ մարդիկ ոչ թե տեսնում են սոցիալական ծանրություններ, այլ չեն տեսնում հնարավորություններ, որոնք թույլ կտան իրենց ուժերով, իրենց ունակություններով, շնորհներով և տաղանդով հաղթահարել այդ սոցիալական դժվարությունները, փոխել իրենց կյանքը:
Մարդիկ տեսնում են, որ չկա արդարություն, արդարադատություն, չկա հավասարություն, չկան մարդասիրական սկզբունքներ, ինչպիսին բարեգործությունն է, որը ընդամենը առկա է այնքան, ինչքան որ պետք է որպես քաղաքական գործիք տարբեր մեծահարուստների ձեռքին: Մարդիկ տեսնում են, որ երկիրը՝ իր ռեսուրսներով և հնարավորություններով, դրվում է մի խումբ մարդկանց տղաների, աղջիկների, փեսաների և խնամիների իրավասության և տնօրինության տակ, և սա է, որ առաջ է բերում հոգեբանական այնպիսի վայրիվերումներ, որոնք դառնում են ընտանիքների քայքայման պատճառ:
Մարդկանց մոտ սոցիալական, նյութական կորուստները ըստ էության ոչինչ են, եթե առկա է միջավայր, որը թույլ է տալիս ապրել առանց արժանապատվության կորստի, առանց սեփական ուժերի հանդեպ վստահության կորստի:
Հայաստանում իշխող համակարգը վարում է մի քաղաքականություն, որը տարիներ շարունակ բերել է մի իրավիճակի, երբ մարդիկ սոցիալականից բացի և դրանից առաջ՝ կորցնում են արժանապատվության, ինքնավստահության զգացումը: Եվ սա է ամենամեծ կորուստը ցանկացած հասարակության անդամի համար, սա է, որ հասարակությանը ստիպում է ստեղծարար ռեժիմից ակամա անցում կատարել դեպրեսիվ ռեժիմի, որի ցցուն հետևանքներից են արտագաղթը, ինքնասպանությունները, ամուսնալուծությունները, թմրամոլությունն ու հարբեցողությունը:
Հայաստանի հասարակությունը չի ստանում որևէ մեսիջ, որը հնարավորություն կտար անցնել ստեղծարար ռեժիմի: Փոխարենը՝ Հայաստանի կառավարությունն ինքնին՝ իր գոյությամբ թեկուզ, իր կազմով ու այդ կազմի անդամների բնույթով, հանրային վարկով և իմիջով հասարակական դեպրեսիվ ռեժիմի հորդառատ աղբյուր է:









































