«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
– Պարոն Զոհրաբյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու և չի սատարելու որևէ այլ թեկնածուի: Նախագահական ընտրություններում նա համարվում էր ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը: Մյուս թեկնածուները նախորդ ընտրություններում չնչին ձայներ են ստացել: Այսօրվա դրությամբ ձեր թեկնածուն չունի հիմնական մրցակից: Չե՞ք կարծում, որ այս իրավիճակը լեգիտիմության խնդիր կարող է առաջացնել Սերժ Սարգսյանի համար:
– Մինչև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն էլ մենք ասել էինք, որ մեր թեկնածուն է հաղթելու, որովհետև այն խոստումները, որ տվել ենք հասարակությանը, մեծամասամբ կատարվել են: Եվ ամենակարևորը՝ պահպանել ենք ներքին ու արտաքին կայունությունը:
– Սոցիալ-տնտեսական խոստումները և խնդիրները չեն լուծվել:
– Հիմա պետք է ետ գնամ ու հիշեմ ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2008-ից հետո ստեղծված անկայուն վիճակը, որոնք ազդեցին այդ ծրագրերի ամբողջական կատարման վրա: Ամենակարևոր հարցն այն է, որ կարողացանք պաշտպանել կայունությունը այս տարածաշրջանում և երկրի ներսում:
– Բայց այնպես չէր, որ Ադրբեջանը հարձակվում էր, և ՀՀ իշխանությունները կարողացան դա կասեցնել:
– Մի մոռացեք, որ Ադրբեջանը առաջին դեմքով անընդհատ սպառնում էր, որ եթե բանակցություններն արդյունք չտան, հարցը ռազմական ճանապարհով կլուծեն: Երբ որ դա առաջին դեմքն է հայտարարում, լուրջ է: Հիշեք, որ 2008-ին այն կողմից սահմանին արդեն զորքերը կուտակվում էին: Եվ սպասում էին, որ երբ Հայաստանում անկայունություն կլինի, կներխուժեն և ԼՂՀ խնդիրը կլուծեն: Այդ վտանգը միշտ եղել է և հիմա էլ կա: Դրա համար եմ ասում, որ մեզ համար շատ կարևոր է կայունությունը, իսկ Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին այդ կայունությունը պահել է:
– Անկախ այն հանգամանքից, թե կայունությունը պահել եք, ձեր նախընտրական ծրագրերը կատարել եք, թե ոչ, այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանը մրցակից չունի: Իսկ եվրոպական ժողովրդավարական երկրներում, Ամերիկայում նախագահի թեկնածուներն ընդամենը մի քանի տոկոսի առավելությամբ են հաղթում: Նույնիսկ ՀՀ-ում նախորդ բոլոր ընտրություններում նախագահի հիմնական թեկնածուները ուժեղ մրցակից են ունեցել:
– Դուք եվրոպական պետությունների կամ ԱՄՆ-ի հետ համեմատեցիք, ես էլ կասեմ շատ հեռու չգնանք ու համեմատենք ՌԴ ընտրությունների հետ: Այնտեղ Վլադիմիր Պուտինից հետո 19 տոկոսից ավելի հավաքող չի եղել: Պուտինը հավաքեց 64 տոկոս, և դա նորմալ է: ՌԴ հասարակությունը նրան ընտրեց: Իսկ եթե ՀՀ-ում մեկ ուրիշը հավաքի 18, նախագահը՝ 64, լեգիտիմ չի՞ լինի: Այս անգամ դրսից ավելի շատ դիտորդներ են լինելու և ուշադիր հետևելու են ողջ ընտրական գործընթացը: Եվ եթե ընտրությունները չի կեղծվում, և մարդը 60-65 տոկոս ձայն է ստանում, ուրեմն լեգիտիմ է: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը Զյուգանովի նման 19 տոկոս է ստանում, դա մրցակցություն չէ՞:
– Առայժմ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ կարող է որոշակի ձայներ հավաքել: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հազիվ նվազագույն շեմը հաղթահարեց: Իսկ ինքը 2007թ. խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր և մոտ 1500 ձայն էր ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս ցուցանիշներով չի կարող մրցակցություն ապահովել:
– Խորհրդարանական ընտրությունները մի համեմատեք նախագահականի հետ: Նախագահական ընտրություններում այլ իրավիճակ է:
– Դուք Ռուսաստանի օրինակը բերեցիք, որը ժողովրդավարական ցուցանիշներով ՀՀ-ից ավելի լավ վիճակում չէ: Մինչդեռ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ որդեգրել են եվրաինտեգրման ճանապարհը: Ինչո՞ւ այս դեպքում ժողովրդավարական երկրների հետ չեք փորձում համեմատվել:
– ՀՀ-ն իր հայեցակարգը տարածաշրջանում կառուցել է բազմավեկտոր համագործակցության վրա: Մենք համագործակցում ենք և ՌԴ հետ, և եվրոպական ու այլ պետությունների: Բայց մեր համար առաջին խնդիրը ներքին ու արտաքին կայունությունն է:
– Ձեր կարծիքով` ո՞ւմ բաժին կհասնի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած մոտ 450 հազար ընտրազանգվածը: Հիշեցնենք, որ մայիսյան ընտրություններում, երբ ԲՀԿ-ն այդքան ձայն ստացավ, դեռևս կոալիցիայում էր և համարվում էր իշխանական կուսակցություն:
– Նա հայտարարեց, որ չի առաջադրվի և չի սատարի որևէ այլ թեկնածուի: Չառաջադրվելը հասկանալի է, բայց չսատարելը տարօրինակ է` այն առումով, որ նա հո այդ 30 տոկոսին կոչ չի անի, թե ոչ մեկին ձայն չտաք: ԲՀԿ-ում կան տարբեր կուսակցությունների նկատմամբ համակիրներ: ՀՀ-ն 3 մլն բնակչություն ունի, որ եթե խտացնենք, շատերն իրար ճանաչում են: Եվ հնարավոր չէ, որ այդ 30 տոկոսը մեկուսանա: Նրանք ընթացքում կկողմնորոշվեն: Ծառուկյանը հո չի ասի, թե իմ ընտրազանգվածի 10 տոկոսը սրան կտամ, 20 տոկոսը՝ սրան և այլն: Մարդիկ կարող են և չգնալ ընտրություններին, կարող են և կողմնորոշվել ու այլ թեկնածուների ընտրել: Բայց եթե նույնիսկ մեզ էլ ձայն չտան, մեր թեկնածուն հաղթելու է:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ այդ ընտրազանգվածը թեկնածու չունենալու կամ պարտվելու պատճառով ընդվզի, և Հայաստանում նորից 2008-ի հետընտրական իրավիճակը առաջանա:
– Այս մի քանի օրերին ԲՀԿ գործիչներն ասում են, որ իրենց զանգվածը չի փոշիանալու, պահպանվելու է: Որ իրենք հետևելու են ժողովրդավարական արժեքներին և զարգացումներին: Կարող է իրենց զանգվածը մնա իրենց հետ: Բայց ինչպես իրենց խոսնակն ասաց` երբեք մի ասեք երբեք:
– ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախօրեին հայտարարեց, որ իրենք վերահսկող գործառույթ են ստանձնելու: Չե՞ք կարծում, որ առաջիկա տարիներին ԲՀԿ-ն անընդհատ «մահակ է ճոճելու» ձեր վրա:
– Շատ կարևոր դեր են իրենց վերապահել: Մենք քաղաքացիական հասարակություն ստեղծելու ճանապարհով ենք գնում, փորձում ենք դա կայացնել: Դա նույնպես վերահսկողական դեր ունի, իշխանությունների սխալներն են բարձրաձայնում, ու շտկելու հնարավորություն է առաջանում: Ավելի լավ, թող վերահսկեն: Համ չեն առաջադրվում, համ չեն սատարում, բնականաբար մի երրորդ գործողություն պիտի անեն: Թող այդ գործառույթը ստանձնեն, եթե շատ են ուզում:










































