«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը:
– Արա, Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանի դիմակներից մեկն է և կամ Լևոնի կերպարի տրոհման հետևանք: Ի՞նչ եղավ, ըստ Ձեզ, այդ կերպարի հետ այն ֆոնին, որ Գագիկ Ծառուկյանը նախ հայտարարեց, որ չի մասնակցի, հետո էլ, որ որևէ ուժի չի սատարի:
– Միգուցե հասցրեց հարցազրույցս կարդալ ու հասկանալ, որ քաղաքականությունը դաժան բան է (ծիծաղում է): Այսինքն՝ անկախ իհարկե իմ հարցազրույցից, բնազդաբար զգաց, որ իր իռացիոնալ կապիտալը, և դրանից ոգևորվող ընտրազանգվածը, եթե հիմա քաղաքականացնի, այսինքն՝ ռացիոնալ գործողության ոլորտ նետի, որոշում կայացնի, ընկնի մի ընթացքի մեջ, որտեղ ստիպված է լինելու ասել ամեն ինչ մինչև վերջ, ապա նա կընկնի բանականության լույսի տակ ու այնտեղ կերևա, թե ինչքան դա բարդ է ու ինչքան նա փոքր է, սկսնակ, ջահել ու նիհար այդ դաշտում: Նա դա զգաց, երբ ա-ն ասաց Բրյուսելում, ճառը կոռուպցիայի մասին, ու հասկացավ, որ պետք է ասել բ-ն, օրինակ` սահմանադրական կարգի վերականգնման պահանջը, նաև գ-ն, ավազակապետության եզրը, ու այդպես շարունակ, և գերադասեց կրկին փախուստ կատարել իրեն հարազատ իռացիոնալ չխոսելու, չգործելու, չորոշելու, չմտածելու, չպայքարելու դաշտը, օգտվել հասարակությունում եղած համանման երազկոտ միտումից:
– Արա, ստացվեց՝ ոչ մի տեսակ գործիք չկարողացա՞վ աշխատել, երբ գիտեմ, որ գործիքը նույն գործիչի հետ եք նույնացնում:
– Գերադասեց մնալ հայկական պլատոնիզմի լիդեր, ինչպես և Սերժ Սարգսյանը: Սերժի ասածն է, և դա մնում է՝ կգա մի պայծառ օր, երբ ես կորոշեմ անցկացնել բարեփոխումներ, վերացնել օլիգարխիան ու կոռուպցիան: Դրա համար ես պետք է հավերժ մնամ իշխանավոր, որ անորոշ ապագայում այդ օրը գա: Եվ խոսքը ոչ միայն առաջիկա հինգ տարվա մասին է՝ տարածվում է արդեն մի վարկած, որ ժողովուրդ ջան այս հինգ տարին էլ դիմացեք Սերժին, այ հետո՝ կգա Փեսայի, Միքայել Մինասյանի ժամանակը, այ նա հաստատ կիրականացնի բարեփոխումները: Նման մի բան փորձում է ձևացնել նաև Ծառուկյանը: Սակայն, ինչպես է ինքն իրեն պատասխանում հարցին՝ եթե լինելու է Փեսան, ապա էլ նա ինչի՞ է պետք: Պլատոնիկ երազանքների նույն դաշտում նրանք մրցակից են, ու Փեսան այստեղ առավել նպաստավոր դիրքեր ունի, Ծառուկյանը հին է, հրաժարվելով մտնել ռացիոնալ քաղաքականություն, այդպես էլ հինը մնաց, նորացման շանսը կորցրեց, իսկ Փեսան նոր է:
– Արա, ի՞նչ կարծիքի եք լիդերների ժամանակն արդյոք անցել է, ու հասարակությունը չպե՞տք է սպասի որևէ առաջնորդի՝ ընդդիմադիր ու թե նաև իշխանականի քայլին:
– Եթե հասարակությունը չի սպասում լիդերների որոշմանը, ապա, ուրեմն, նա ինքն է քայլեր կատարում, առաջացնում է իր կատարվելիք քայլերի լիդերներին ու ընթացակարգերը՝ կոլեգիալ լիդերության կամ այս դեպքում ավելի ճիշտ բառ է՝ համակարգման օրգանները: Հենց որ կարողացավ ստեղծել, կասենք՝ այո, այ հիմա լիդերների ժամանակն անցել է: Վերը խոսեցինք պլատոնիկ լիդերներից, որոնք ոչ մի բան չեն անում, հասարակության ձեռքը գործիք չեն հանդիսանում, ընդամենը փայփայում են նրա ինֆանտիլ տրամադրությունները, կան նաև գործնական, հիմա-ի առաջնորդներ, որոնք դրդում են մարդուն, որ ինքն էլ շարժվի, դուրս գա փողոց, ակտիվանա, և այնուհետ որոնի, գտնի իր սեփական գործելու տեղը ու ձևաչափը, լիդերանա: Պատմականորեն նայենք. Հնդկաստանի Ազգային կոնգրես` Մահաթմա Գանդի, Հարավաֆրիկյան Ազգային կոնգրես՝ Նելսոն Մանդելա, Սոլիդարնոստ՝ Լեհ Վալենսա, Քաղաքացիական պլատֆորմ՝ Վացլավ Հավել, դիսիդենտական շարժում՝ Անդրեյ Սախարով, դրանք լիդերականն են: Հիմա ոչ-լիդերականները՝ 1968-ի Սորբոննայի հեղափոխություն, 60-ականների Բերկլիի հեղափոխություն, ժամանակակից՝ Գրավիր Ուոլ-Սթրիթը, կամ հակագլոբալիստական շարժումը: Զգում եք տարբերությունը՝ երկրորդ դեպքում երկրներ, որտեղ սահմանադրական կարգը հաստատված է, ազատականությունը օրենք է, առաջին դեպքում՝ բռնակալական, գաղութատիրական համակարգեր: Այստեղ գործ ունենք «բռունցքային» կամ «հովհարային» պայքարի տարբերվող ռազմավարությունների հետ: Առաջինը կիրառվում է, երբ գլխավոր ճակատամարտը դեռ հաղթած չէ, մարդու ազատությունը հաստատված չէ որպես հիմնարար սկզբունք, երկրորդը՝ երբ գլխավոր ճակատամարտն արդեն վաղուց հաղթած է, և կարելի է անցնել հանուն հետագա նպատակների պայքարին: Պատահական չէ, որ Ամերիկայում միաժամանակ եղել է լիդերական համակարգ՝ Մարթին Լյութեր Քինգի գլխավորությամբ, և ապակենտրոնացած Բերքլիի շարժումը, որովհետև սևերը դեռ չէին հասել ապագաղութացման, իսկ սպիտակները արդեն հասել էին:
Հայաստանում այժմ՝ այդ երկու ռազմավարությունները բախվում են, ինչը իրենց փոխադարձ թուլացնում է և նպաստում է ի վերջո բռնատիրությանը միայն, անհրաժեշտ է այդ երկու ուղղությունների միջև դաշինք և պայմանագիր:
– Արա, ի՞նչ եք կարծում, հայկական պլատոնիզմի լիդերը ինչո՞ւ բացի իրենից, իր կուսակցությունից որևէ մեկին չառաջադրեց կամ չթողեց առաջադրվի:
– Այդ դեպքում կուսակցությունում կարող էր առաջանալ ռեալ քաղաքական գործիչ, որը կարժեզրկեր պլատոնական լիդերին:
– Իսկ որքանո՞վ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունն ուղղակիորեն, նրա առաջադրմամբ ասենք վերադարձ քաղաքականություն: Հնարավո՞ր է արդյոք դա:
– Հնարավոր է, սակայն պարզ չի նրա պիտանիությունը ինչպես պլատոնիկ, այնպես էլ ռեալ քաղաքականության հետևորդ ընտրազանգվածների համար, դրան ավելացրած մարդասպանի, ինչպես նաև օլիգարխի համբավը՝ դժվար է պատկերացնել, թե ինչ դեր նա կարող է ստանձնել նման հատկանիշներով, խոսել չկարողանալն էլ հետը: Շատ բարդ է իր համար գտնել որևէ գրավիչ դերակատարում: Բայց բացառված չէ, քանի որ նա չի հայտնվել արդար դատարանի առջև:
– Դուք գեղեցիկ ձևակերպումներով բնորոշում եք մի բան, որն ինքնին չկա՝ ասենք հենց քաղաքականությունը, քաղաքական գործիչներին:
– Սիրանույշ, կարելի է իհարկե ասել, որ այս հինգ տարում ոչինչ չի եղել ու հիմա էլ չկա: Սակայն դա ևս իռացիոնալիզմի դրսևորումներից մեկն է, այն, ինչը կա՝ կա, իսկ այն, ինչը չկա, օրինակ` Մաշտոցի պուրակում դարակազմիկ հաղթանակը, այն իսկապես չկա, թեթևակի նշմարվում է միայն:
– Չկա՞, թե՞ չեք ուզում տեսնել:
– Իսկ ի՞նչը տեսնեմ, անցած գարնանը իսկապես կար Մաշտոցի պուրակի շարժում, որին ինքս էլ մասնակցեցի և շատ հավանեցի տեղի ունեցողը, տաղավարները, արդյունքում, իսկապես որ վերացվեցին, բայց շարժումից ի՞նչ մնաց: Միգուցե կազմակերպություն, կառույցներ, հրապարակային գործողությունների որևէ շարք, կամ գոնե, մեղա-մեղա, լիդերնե՞ր: Պատգամավորական ֆրակցիա կամ գոնե թեկնածուներ խորհրդարանական ընտրություններո՞ւմ: Նախագահի թեկնածու, իրա ծրագրով ու ռազմավարությունով, առաջիկա ընտրություններո՞ւմ: Հուսադրումը, փորձը, առասպելը՝ հա, մնացին, բայց դրանք դերևս իրականություն չեն:
– Արա, լավ, իսկ այս քսան տարում ինչ կա, եթե ոչ քաղաքական դաշտի սնանկություն:
– Կա մի զգացողություն, որ հասարակության, ժողովրդի բանական, արժանապատիվ, ազատական, հանրային շահի համար մտահոգ հատվածը կա, պայքարում է, մտածում է, դուրս է գալիս հրապարակ ու փողոց, չի հնազանդվում, պայքարում է այս երկրի, այս պետության ու հասարակության կայացման համար, քաղաքակիրթ աշխարհի ստեղծագործ կյանքին մասնակցելու համար: Որ այդ ամենը կատարվում է այժմ և այստեղ, ոչ երազկոտ անորոշում, կատարվում է զրկանքների ու զոհերի գնով, տարվում է, բայց չի պարտվում: Դա է լինելու այդ քսան տարվա արդարացումն ու իմաստը պատմության մեջ: Ինչպես Փարաջանովն էր ասում՝ երբ իրեն արտաքսում էին «Հայֆիլմից»՝ դուք ինձնով եք արդարացնելու ձեր գոյությունը, այդպես էլ եղավ: Նույնն այս քսան տարվա քաղաքական, ազատագրական պայքարի պատմության հետ: Ինչով ենք արդարացնելու մեր գոյությունը երեխաների, թոռների, ապագա սերունդների առաջ՝ ես այնտեղ էի, հրապարակում ու փողոցներում, ես չեմ համակերպվել:
– Իսկ երբ հրապարակն ու փողոցն ինքնախաբեությամբ են սկսում զբաղվել, տանուլ տալիս ձեռք բերածը:
– Հրապարակն ու փողոցն ընդունակ չեն զբաղվել ինքնախաբեությամբ, որովհետև նրանք հանդիսանում են գոյության առաջնային շրջանակը, կենդանի Հիմա-ն՝ անվիճելի փաստը: Հետո միայն մեկնաբանությունների մակարդակում կարող է առաջանալ սխալմունք կամ կեղծիք:
– Հիմա նախագահական ընտրություններից ի՞նչ ակնկալիք ունեք:
– Մենք՝ բանական ու պայքարող, չհնազանդվող հանրությունը, կունենանք այնտեղ մեր թեկնածուն, ու կներկայացնենք, որ մենք կանք ու ոչ մի տեղ չենք գնալու: Որ մեր պատկերացրած ապագան շարունակում է մնալ օրակարգում, ու մենք դրա տերն ենք: Որ մենք չենք խաբնվի երազկոտության առասպելներով, չենք հավատա, որ ամեն ինչ լավ կլինի առանց մեր ներկայության, մասնակցության ու պայքարի: Այսքան բանը արդեն պարզ է, ավելի մանրամասն՝ երբ առաջադրվի մեր Հայ ազգային կոնգրեսի միակ ընդդիմադիր թեկնածուն:










































