ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը (1989-1993) մինչև Սուրբ ծնունդը դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ նախկին ղեկավարի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրատին:
Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին. նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ:
Բժիշկները նախատեսում էին նրան դուրս գրել դեռ դեկտեմբերի սկզբին, սակայն Բուշի ապաքինումը դանդաղ է ընթացել:
«Նախկին նախագահի վիճակը բարելավվում է, նրան այլևս չի անհանգստացնում հիվանդությունը, սակայն անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ` ուժերը վերականգնելու համար: Նա շատ լավատես է և, հաշվի առնելով առողջանալու դինամիկան, կկարողանա Սուրբ ծնունդը տոնել ընտանիքի շրջանակում»,- ասել է Մակգրատը:
Բուշ-Ավագը հաճախակի է հիվանդանում շնչառական հիվանդություններով, բացի այդ` նա տառապում է Պարկինսոնիզմի տեսակներից մեկով, ինչի հետևանքով կարող է տեղաշարժվել միայն սայլակով:










































