Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն Նյու Յորքում՝ սեպտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Առաջիկա բանակցությունները, ինչպես հաղորդվում է, կկայանան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախօրեին, որի անցկացումը նույնպես ծրագրված է Նյու Յորքում: Վերջին 6 ամիսներին իրանական միջուկային խնդրի կարգավորման բանակցություններն անցկացվել են Վիեննայում՝ հիշեցնում է պարբերականը:
Անցած ուրբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 մարդկանց ու կազմակերպությունների դեմ: Ցուցակում են նաև տրանսպորտային կազմակերպություններ, ավիաընկերություններ և 6 բանկեր, որոնք կասկածվում են իրանական միջուկային ծրագրին աջակցություն ցուցաբերելու մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր պատժամիջոցային ցուցակում հայտնվածները խախտել են Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները: Իրանը սպառնացել է պատասխան պատժամիջոցներով:








































