Դեկտեմբերի 13-14-ը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեի Հայաստան կատարած այցի շրջանակներում` դեկտեմբերի 14-ին, Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերություններում ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշվել բարձրաստիճան այցերի ու փոխշփումների դինամիկան հետագա տարիներին ևս շարունակաբար ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Լավ հիմք համարելով ավելի քան 20 տարի ի վեր Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՀՀ մի շարք գերատեսչությունների միջև արդյունավետ գործընկերությունը` ընդգծվել է հայ-շվեյցարական բազմաոլորտ համագործակցության, մասնավորապես` տնտեսական ծրագրերի խթանման, մշակութային և կրթական փոխանակումների, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի շրջանակներում աշխատանքների ակտիվացման կարևորությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթների բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Կողմերը քննարկել են ԵՄ շրջանակներում, որպես ԵՄ գործընկեր պետություններ, համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների, այդ թվում` Եվրոպայի Խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահության և ԵԱՀԿ-ում 2014թ. Շվեյցարիայի նախագահության շրջանակներում փոխգործակցությանը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Փոխադարձաբար ներկայացվել են տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունները:









































