Այն, որ բարդացել է Եվրամիության անդամ երկրներում քաղաքացիություն և նույնիսկ ժամանակավոր ապաստանի իրավունք ստանալը՝ նորություն չէ հայերի համար:
Նրանց համար դրությունը հատկապես բարդ է, որովհետև Հայաստանում հիմա ընտրական շրջան չէ, և քաղաքական հետապնդումն ու հալածանքը ժամանակավոր ապաստան ստանալու համար եթե ընդունելի էին 2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից հետո, ապա հիմա այլևս պատճառաբանություն չեն:
Հայտնի է նաև, որ հայերի մեծամասնությունը ապաստան ստանալու համար Եվրոպական միության երկրներից նախընտրում է Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան և Շվեդիան: Բելգիայում Եվրախորհրդարանի վերջին ընտրություններից հետո ձայների մեծ մասը ստացել են ազգայնական կուսակցությունները, որոնք ընտրություններից առաջ խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը և կրճատել միգրանտների թիվը:
Հատկապես Բելգիայից վերջին շրջանում հետ են ուղարկում անգամ այն մարդկանց, ովքեր անվճար բուժվելու նպատակով են այդ երկիր մեկնել: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Լ․ Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջերս եթե հայ միգրանտներից շատերը ժամանակավոր ապաստան ստանալու իրավունք են խնդրում և որպես պատճառաբանություն ներկայացնում որևէ հիվանդություն, նրանց միանգամից ետ են ուղարկում և անգամ հուշում, թե տվյալ հիվանդությունը Հայաստանում որ հիվանդանոցում է բուժվում:
Նույնքան բարդ է իրավիճակը նաև Ֆրանսիայում: Մեր զրուցակից Անահիտ Պողոսյանը, որը քաջատեղյակ է հատկապես հայ միգրանտների խնդիրներից և հասկանալի պատճառներով խնդրեց չնշել իր աշխատանքի վայրը, պատմում է, որ հայերն այնտեղ ապաստան ստանալու համար նույնիսկ թուրք ու ադրբեջանցի են ներկայանում: Հայաստանը 2011 թվականի դեկտեմբերի 9-ից համարվում է «կանաչ գոտի»: Իսկ դա ենթադրում է, որ մեր երկրում իրավիճակը խաղաղ է, պատերազմ չկա, և մարդկանց վտանգ չի սպառնում:
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ոստիկանները Ֆրանսիայից դաժանորեն արտաքսում հայ ընտանիքի: Տեսանյութում լսվումէ կնոջ ճիչ և ոստիկանների հետ պայքարում համառ դիմադրություն: Ամուսինը նույնիսկ հորդորում է կնոջը ոչ մի կերպ թույլ չտալ, որ իրեն հանեն այդ սենյակից:
Մինչդեռ Ա. Պողոսյանը պատմում է, որ անօրինական հայ միգրանտներին ետ ուղարկելուց առնվազն երեք ամիս առաջ զգուշացում է արվում, իսկ այդ ընտանիքն արդեն բազմիցս զգուշացված է եղել, որ իրենք պետք է Ֆրանսիան լքեն, որովհետև կեցության իրավունք չունեն. «Եթե ճշմարտությունն ասենք, ապա այս պարագայում ոչ թե ոստիականներն են անօրեն գործել, այլ ընտանիքը. ոստիկանությունը միայն կատարել է պրեֆեկտուրայի աշխատանքը: Ուշադիր դիտեք տեսանյութը՝ գուցե արտահայտությունս տհաճ է, սարսափելի հիստերիկություն էր անում կինը, և այդ պատճառով էր, որ երեխաները սարսափահար եղան, ոչ թե ոստիկանների պատճառով, այլ մոր պահվածքի պատճառով: Նմանատիպ դեպքեր արտաքսելուց առաջ լինում են: Բայց այդ տեսանյութի մեջ չի լսվում ֆրանսերեն գեթ մեկ վատ արտահայտություն ոստիկանների կողմից: Ինքը՝ տեսարանը, բավական սարսափելի էր կնոջ ճիչերի պատճառով»:
Ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ երբեք ոստիկաններն անակնկալի չեն բերում միգրանտներին. «Բացի զգուշացումից, իրենք նաև երկիրը մեկ ամիս չլքելու դեպքում պրեֆեկտուրայից են նամակ ստանում, որ պետք է լքեն երկիրը:
Ես գիտեմ՝ բոլորն են հիմա այդ տեսանյութը քննարկում, թեպետ բավական ժամանակ է անցել, բայց ուշադիր նայելու և խնդիրը իսկապես հասկանալու դեպքում այլ տպավորություն կստանաք:
Հայաստանում որևէ մեկը թույլ կտա՞, որ գան ու անօրեն մնան երկրում, նույնիսկ սփյուռքահայերը երբ գալիս են՝ վատ վերաբերմունքի են արժանանում: Ֆրանսիացիներն էլ հոգնել են կեցության իրավունք չունեցող մարդկանց ապահովելու համար աշխատելուց և վճարելուց: Ես Ֆրանսիայի կառավարության քաղաքականությանը բոլորովին չեմ աջակցում, ես ավելի շատ ընդդիմադիր եմ նրանց, բայց այս պարագայում ես կարծում եմ, որ ընտանիքն է մեղավոր եղել, այդպիսի դեպք չի եղել, որ մարդկանց նախապես չզգուշացնեն, այս ընտանիքն էլ բացառություն չէ»:









































