2004 թվականին ոստիկանության, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից խոշտանգված ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի գործն ուղարկվել է քննչական վարչություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երբ Եվրադատարանն այս գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում կայացրեց, Վիրաբյանը նորից դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանն ասաց, որ պահանջել է բոլոր մեղավորների դեմ գործ հարուցել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկել: Քննություն անցկացնելուց հետո նոր գործը կուղարկվի դատարան:
Հարցին՝ հույս ունի՞, որ Հայաստանում արդարացի քննություն կանցկացվի, Վիրաբյանն ասաց. «Ես հույսով չեմ ապրում, ես ապրում եմ իմ պայքարի արդյունքով, իմ հասածի արդյունքով: Հայաստանում ոչ մի լավ բանի հույս չկա, կա միայն արդյունք, երբ պայքարդ մինչև վերջ տանում ես, իսկ ես վճռական եմ տրամադրված ու բոլորի աչքի առաջ քայլ առ քայլ հասնում եմ իմ նպատակին:
Ես խոստացել եմ, որ մեղավորները պետք է պատժվեն, և հիմա քրեական գործը նորից վերանայում են՝ դա արդեն արդյունք է»:
Վիրաբյանն ընդգծեց, որ հույս կարող է ունենալ միայն այն առումով, որ գործը Եվրադատարանում է՝ Եվրամիության նախարարների կոմիտեի հսկողության ներքո. «Ես չեմ թուլացնում պայքարը, վաղն իմ փաստաբանները գալիս են Ստրասբուրգ, պետք է հանդիպեմ նրանց հետ, նորից պետք է պայմանավորվենք, թե ինչ անենք՝ վերջնական արդյունք ստանալու համար: Ինչքան էլ որևէ գործում մարդ հույս ունենա, սակայն եթե ինքը ոչինչ չանի՝ հույսերը չեն իրականանա: Ես առանց հույսի ու առանց ինչ-որ մեկի սպասելիքի հետևողական այդ ամենն անում եմ։ Ես հոգնել եմ այստեղից, կթողնեի կգայի, ինձ այստեղի ոչ կեղծ եվրոպական արժեքներն են հետաքրքրում, ոչ ճոխ ապրելակերպը: Ես պայքարի մարդ եմ, մանավանդ գիտեմ, որ Հայաստանում նոր լարվածություն կա, իմ տեղն այդ մարդկանց շարքում է, այդ մարդկանց մեջ: Ես այդ շարքերից եմ դուրս եկել և հիմա չեմ կարող անգործ նստել ու չտեսնել, թե ինչ է կատարվում: Իմ հիմնական նպատակը արդյունքի հասնելն է ու այդ մարդկանց պատժելը: Դրան ես կհասնեմ ցանկացած եղանակով»:
Ինչ վերաբերում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի լիազորությունները գործի քննության ընթացքում դադարեցնելու Վիրաբյանի նախնական պահանջին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս պահին դա անել հնարավոր չէ. «Ես խոսել եմ իմ փաստաբանների հետ, նրանք ասացին, որ դա այնքան էլ հնարավոր չէ, որովհետև քննությունը պետք է կատարի քննչական վարչությունը, որը ոստիկանությունից անկախ կառույց է: Հիմա ես նույնիսկ իմ միջազգային անձնագիրն եմ վերականգնել, որպեսզի եթե հարկ լինի, գամ Վրաստանում հանդիպեմ. ինձ թույլ չեն տալիս Հայաստան գալ: Բայց եթե տեսնեմ՝ որևէ մեկը խոչընդոտում է գործի արդար քննությանը՝ անպայման կրկին կբարձրաձայնեմ»:
Գրիշա Վիրաբյանը կարծում է, որ իրեն խոշտանգելու համար պետք է պատասխան տա ոչ միայն Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, այլև ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:











































