Վերահսկիչ պալատը Ազգային ժողովին է ներկայացրել իր 2013թ. ծրագրի կատարման հաշվետվությունը: Հաջորդ շաբաթ այն պետք է քննարկվի ֆինանսաբյուջետային և վարկային հանձնաժողովում, այնուհետև աշնանային նաստաշրջանի ժամանակ ներկայացվելու է խորհրդարանին:
ՎՊ-ի այս հաշվետվությունը աչքի է ընկնում բավականին զուսպ տոնով, չկան նախկին խիստ ձևակերպումները: Խախտումների հետ կապված տեղեկություններն այնքան նուրբ և անմեղ տոնով են շարադրված, որ հազիվ կարելի է ենթադրել, թե դրանց տակ կարող են չարաշահումներ լինել: Իսկ եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն իր բանավոր խոսքումէլ այդ խախտումներն այնպես ներկայացնի, որ չկարողանաս հասկանալ՝ 2012թ. չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, ապա միանշանակ պարզ կդառնա, որ անցած տարի Սերժ Սարգսյանի կշտամբանքների արդյունքում այս կառույցն ու նրա ղեկավարը որոշել են հնարավորինս լղոզել պետական միջոցների վատնումներին վերաբերող դեպքերը: Իսկ ՎՊ-ն ուսումնասիրում է պետական և վարկային միջոցներով իրականացվող ծախսերը:
Եվ ընդհանրապես, 2012 թվականից հետո Ի.Զաքարյանի գործելաոճը բավականին փոփոխվել է: Դրանից առաջ նա պարբերաբար լրագրողներին էր ներկայացնում իր ղեկավարած կառույցի բացահայտած չարաշահումները, և յուրաքանչյուր այդպիսի ներկայացում լի էր սկանդալային տեղեկություններով: 2012 թվականից հետո Ի.Զաքարյանը դադարեցրեց այդ գործելաոճը: Կարծիք կար, թե նա պարզապես չի ցանկանում իր աղմկոտ բացահայտումներով ստվերել հանրապետականների քարոզարշավը, կամ էլ նրան զգուշացվել էին, որ դադարեցնի իր այդ ներկայացումները: Չէ՞ որ 2012թ. խորհրդարանական ընտրություններ էին: Իսկ եթե Ի.Զաքարյանը նույն տեմպով շարունակեր, ապա արդյունքում ՀՀԿ-ի կառավարությունն իր բոլոր նախարարություններով ու պաշտոնյաններով գող կհամարվեր:
Ի.Զաքարյանն իր աղմկոտ ներկայացումները չվերսկսեց նաև 2013թ. առաջին կիսամյակում: Չէ՞ որ այդ տարին էլ նախագահական ընտրություններ էին, որից հետո գարնանն էլ պետք է նոր կառավարություն ձևավորվեր:
Եվ Ի. Զաքարյանի հաջորդ աղմկոտ ելույթը 2013-ի կեսին էր, երբ գարնանային նստաշրջանի ավարտին ներկայացնում էր նախորդ տարվա հաշվետվությունը: Նա ընդամենը հայտարարել էր, թե պետական բյուջեի 70 տոկոսը կամ մոտ 700 մլրդ դրամը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ: Այս հայտարարությունը սև ամպրոպի նման պայթեց ՀՀԿ-ի գլխին: Եվ ՎՊ նախագահին հակադարձելու ալիքը հասավ մինչև նախագահական: Սերժ Սարգսյանը միանգամից խորհրդակցություն էր հրավիրել ու Ի.Զաքարյանին զգուշացրել էր, թե ոչ ոք նրա կարծիքին չի սպասի, և որ նա իր կարծիքը կարող է իր տանն արտահայտել: «Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-իաշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես, խոսքը միայն ՎՊ-ինչի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը:
Այս սպառնալիքից հետո ու մինչև հիմա Ի.Զաքարյանը սկսել է պատասխանատու կերպով ներկայացնել իր ձևակերպումները: Նա իր այս հաշվետվության մեջ անդրադարձել էր նաև ճանապարհաշինությանը, որտեղ նույնպես խոշոր չարաշահումներ էին եղել:
Այս հաշվետվության մեջ նույնպես ՎՊ-ն անդրադարձել է 2013թ. տեղի ունեցած ճանապարհաշինությանը և հատկապես «Հյուսիս-հարավ»ներդրումային ծրագրին: Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները: Ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետն է 2009-ից մինչեւ 2017թվականը: Հայտնի է, որ մայրուղու շինարարության համար Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը տրամադրել է 954 միլիոն դրամ: Սակայն ծրագիրը դեռ չավարտված՝ գումարները ծախսվել են, և ՀՀ կառավարությունը միջազգային բանկերից 60 և 150 մլն դոլարի վարկ է վերցնում:
Հարկ է նշել, որ Ասիական զարգացման բանկը իր վարկային միջոցները ոչ արդյունավետ օգտագործելու համար 2012թ. ՀՀ կառավարությանը 300 հազար դոլարի տուգանք էր նշանակել: Եվ մինչև այժմ մայրուղու շինարարության շատ փոքր հատվածն է արվել, մինչդեռ անհետացել են ողջ վարկային գումարները, ու ՀՀ կառավարությունը նոր վարկեր է վերցնում:
Իսկ ՎՊ-ն, այս ամենով հանդերձ, ստուգել է այդ ծրագրի իրականացումն ու իր հաշվետվության մեջ անդրադարձել է միայն ճանապարհաշինության որակին, ֆինանսական չարաշահումների մասին որևէ խոսք չկա:
Ամեն դեպքում, որակական խնդիրներին վերաբերող դիտարկումներն էլ բավականին խոսուն են: Օրինակ, «ենթահիմքի կառուցման համար օգտագործված նյութն իր հատիկաչափական կազմով չէր համապատասխանում տեխնիկական մասնագրի պահանջներին: Չէր ապահովվել հողային պաստառի վերին մակերևույթից ջրահեռացումը: Հիմքի շերտի խճանյութի տեղադրման աշխատանքները սկսել էին կատարվել տեխնիկական մասնագրով սահմանված տեխնոլոգիական հաջորդականության խախտմամբ: Բյուրականի տրանսպորտային հանգույցի հենարանների միաձույլ բետոնով նորոգման աշխատանքներն իրականացվում էին անորակ, մասնագրի պահանջների խախտումով: Շինարարական աշխատանքներն իրականացվում էին մասնագրով պահանջվող երթևեկության կազմակերպման և անվտանգության պահանջների խախտմամբ: Ցեմենտբետոնյա ծածկում Տեսակ-I ցեմենտի փոխարեն օգտագործվում է Տեսակ-II ցեմենտ։ Բետոնե ծածկի լայնական և երկայնական կարերը կտրված են, սակայն վերջնամշակված չեն և չեն լցվել հերմետիկով կամ չեն ծածկվել պոլիեթիլենային ժապավենով»:
Իհարկե, ավելի ուշ ներկայացվել է, որ այս խախտումների մի մասը վերացվել են: Սակայն նախորդի նման նշված չէ, թե խախտումների ժամանակ ֆինանսական որքան չարաշահումներ են տեղի ունեցել: Ի.Զաքարյանը հավանաբար զգուշացել է թվեր նշելուց, քանի որ այն մեծ աղմուկ կբարձրացներ: Բացի դրանից՝ նա բավականին մոտ հարաբերություններ ունի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, ում ղեկավարած գերատեսչության շրջանակներում էլ իրականացվում է այդ ճանապարհաշինությունը:











































